«Զավթում են միայն ուրիշի տարածքը, կարծում եմ՝ այս թեզը չի ընդունվի ժողովրդի կողմից»․Ավագանու անդամը՝ ՔՊ-ի՝ Գյումրիում իշխանությունը «զավթելու» փորձերի մասին
Գյումրիի համայնքապետարանում ստեղծված իրավիճակը երկու ուժերի ոչ համատեղելի կառավարման արդյունքն է։ Այս կարծիքին է Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Կարեն Սոսյանն՝ անդրադառնալով Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամների, այդ թվում՝ համայնքապետ Վարդգես Սամսոնյանի և նրա տեղակալ Լուսինե Սանոյանի մանդատները վայր դնելուն։
Հիշեցնենք, 2021 թվականի հոկտեմբերին Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր էին ստորագրել, երկու տարի հետո ՔՊ-ն միակողմանի խզեց հուշագիրը, ապա ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը հրաժարականի դիմումներ ներկայացրեցին։
ՔՊ-ն իր նման որոշման վերաբերյալ հայտարարել էր՝ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:
Երեք տարի անց քաղաքական ինտրիգների պատճառով Գյումրու կառավարումը կրկին ցնցումների է ենթարկվում։ Փաստացի այս պահին Գյումրին ղեկավար չունի, դաշինքն էլ որևէ պարզաբանում չի տվել, թե որն է հրաժարականի պատճառը։
REGIONSTV-ի հետ զրույցում Կարեն Սոսյանն ասում է․«Հրաժարականի մասին այսպես հապճեպ որոշում կայացնելն այս պահին ոչ նպատակահարմար եմ համարում կառավարող խմբակցության կողմից՝ անկախ իրավիճակներից։ Այո, չեն կարող կառավարման հետ կապված խնդիրներ չառաջանան, չհաշված ավագանու նիստերը, որ չեն կայանում։ Առանց այն էլ քաղաքացիների տարաբնույթ դիմումները շատ դժվարությամբ էին լուծվում»։
Դաշինիքի՝ քաղաքի կառավարումից հրաժարվելու որոշմանը, հիշեցնենք, նախորդել էր Սամվել Բալասանյանի և նրա որդու նկատմամբ քրեական հետապնդումը՝ Գյումրու «Սև բերդի» հարակից հողակտորների սեփականաշնորհման գործով։
Թեև ՔՊ-ականները հերքում են, թե դաշինքի անդամների մանդատները վայր դնելը իրավական գործընթացով ճնշման հետևանք է, սակայն վերլուծաբաններն ու ընդդիմադիրներն այս գործընթացը համարում են ՏԻՄ համակարգի նկատմամբ ոտնձգություն, որի նպատակը Գյումրիում իշխանության տիրացումն է։
Նման գնահատականների հիմք են այլ համայնքների նախադեպերը, օրինակ Ալավերդիում, Ախուրյանում, Վանաձորում ավագանու ղեկավարներ էին ընտրվել ոչ ՔՊ-ականները, որոշ ժամանակ անց տարբեր տեսակի ճնշումների արդյունքում տեղերում իշխանափոխություն է լինում ու ՔՊ-ն է կառավարումը ստանձնում։
Արդյոք «Զարթոնք» խմբակցությունն էլ է գտնում, որ «Բալասանյան» դաշինքը ՔՊ-ի ճնշման հետևանքով հրաժարվեց քաղաքի կառավարումից և ՔՊ-ն Գյումրիում էլ փորձում է իշխանությունը «զավթել»։ Այս հարցին ի պատասխան Սոսյանը պատասխանում է՝ ճնշումներ եղել են, թե՝ ոչ, այդ հարցին պետք է պատասխանի «Բալասանյան» դաշինքը, քանի որ Գյումրու կառավարման մոդելը երկու ուժերով էին մշակել, իրենք են կոմպետենտ այս հարցում։
«Պատասխանատվությունը կիսում են երկուստեք։ Կարծում եմ՝ ցանկացած իշխող ուժ երկրում ցանկություն կունենա բոլոր համայնքներում ունենալ իշխող ներկայացուցիչ, բայց այլ բան է ցանկանալը, այլ բան է ունենալը։ Իսկ զավթում են միայն ուրիշի տարածքը, կարծում եմ՝ այս թեզը չի ընդունվի ժողովրդի կողմից»-ասում է Սոսյանը։
Հանրապետության երկրորդ քաղաքում, փաստորեն հաղթել էր մի ուժ, որն այնքան խոցելի է, որ կարող է առանց բացատրության վայր դնել մանդատները, ենթադրաբար՝ վախենալով ինչ-որ քրեական գործերից և ենթարկվելով իշխանության ճնշումներին, ինչը խոսում է այն մասին, որ ՏԻՄ-երն անկախ չեն և կառավարման այս գործիքակազմը խոչընդոտում է ավագանու ինստիտուտի կայացմանը։
Մեր այս դիտարկումներին ի պատասխան Կարեն Սոսյանն ասում է․«Կախված առաջիկա զարգացումներից՝ հարցի պատասխանը կլինի այն, որ ըստ ընտրական օրենսգրքի մնացած ավագանու անդամները հրավիրվելիք նիստին քվորում չապահովեն, կամ չընտրվի համայնքապետ և նոր ընտրություններ լինեն։ Գյումրեցիները միշտ իրենց ընտրությունով ցույց են տվել իրենց ձայների նշանակությունը քաղաքի համար։ Ցավում եմ այսպիսի իրավիճակի համար։ Ափսոսում եմ, որ մեզ մոտ ձևավորվել է այսպիսի ՏԻՄ «ավանդույթ»»։