«Կառավարության «հնարված» գնում չհանդիսացող ծախս ընթացակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»․ Արտակ Քյուրումյան

Փորձագետի կարծիքով՝ ՏԿԵՆ-ը օգտագործում և բավականին խոշոր չափի գործարքներ են իրականացնում գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով, որը չի բավարարում թափանցիկության և հաշվետվողականության պահանջներին
Ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գնումներում մի շարք խնդահարույց գործարքներ է հայտնաբերել։
Փորձագետը հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց հետ նախարարությունը 2024 թվականին գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով պայմանագրեր է կնքել 16,260,855,668 դրամ արժեքով, թվով 46 պայմանագիր:
REGIONSTV-ի հետ զրույցում պարոն Քյուրումյանն ասաց՝ եթե կառավարությունը ինքնուրույն կարողանում է ընթացակարգեր ստեղծել, ու՞մ է պետք օրենքը։
Նա անհիմն է համարում կառավարության՝«գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգը ՀՀ օրենսդրության մեջ ներառելը, դա, ըստ պարոն Քյուրումյանի, նվազեցնում է Սահմանադրությամբ հաստատված օրենքների դերը:
Նա խնդրահարույց է համարում տվյալ ընթացակարգի մեխանիզմների նկարագրության բացակայությունը, նշելով.«Գնում կատարելու մյուս ընթացակարգերը նկարագրված են կառավարության համապատասխան որոշումներով, իսկ կառավարության կողմից «հնարված» գնում չհանդիսացող ծախս ընթացակարգը չունի որևէ նկարագրություն՝ պետական մարմինների կողմից վերահսկման տեսանկյունից: Որոշվել է, որ այն կարելի է չորս դեպքում կիրառել, բայց չի որոշվել, թե ինչպես: Մի շարք պետական մարմիններ, մասնավորապես ՏԿԵՆ-ը օգտագործում և բավականին խոշոր չափի գործարքներ են իրականացնում այս ընթացակարգով, ինչը ևս խնդրահարույց է, քանի որ այս ընթացակարգը չի բավարարում թափանցիկության և հաշվետվողականության պահանջներին»:
Փորձագետը այս խնդիրը նաև սոցիալական ցանցում էր ներկայացրել, նա գրել էր․« Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգը» Ն․ Փաշինյանի կառավարությունը ՀՀ օրենսդրություն է մտցրել 2018թ հունիսի 15-ի իր №706-Ն որոշմամբ։ Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգի» մեխանիզմի որևէ նկարագրություն չկա, որովհետև այդպիսի ընթացակարգ չկա, որովհետև անունն արդեն հուշում է, որ ՀՀ կառավարությունն այս գործարքները գնում չի համարում։ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի վերահսկում գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգի» օգտագործման դեպքերը»։
ՏԿԵՆ-ը փորձագետի ներկայացրած խնդրի առնչությամբ երեկ հայտարարություն էր տարածել, որում նշել է, որ գնում չհանդիսացող ծախս է համարվում նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարմանն ուղղվող ծախսերը։ Ըստ նախարարության․ «Ցանկում ներառված պայմանագրերը կնքվել են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցակցային գնման ընթացակարգերի արդյունքում։ Ընդ որում՝ ցանկում նշված են պայմանագրերի ընդհանուր, այլ ոչ որպես գնում չհանդիսացող ծախս համակարգ մուտքագրված, համապատասխան համաձայնագրերով նախատեսված գումարները։ Շինարարական աշխատանքների դեպքում կապալառուին վճարման ենթակա գումարի 5 տոկոսը նրան վճարվում է աշխատանքն ամբողջությամբ ընդունվելու և ավարտական ակտի առկայության պարագայում։ Հենց այդ՝ դեռևս չվճարված, սակայն վճարման ենթակա գումարներն են համարվում գնում չհանդիսացող ծախս, եթե աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են նախորդ բյուջետային տարում»։
Անդրադառնալով նախարարության պարզաբանմանը, փորձագետը նշեց․««Գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով ՏԿԵՆ-ը ֆինանսավորել է 2021-2023 թվականներին կնքված մի շարք պայմանագրեր։ Փաստորեն ՏԿԵՆ-ը նախկինում կնքված, ինչ որ անհայտ քանակով պայմանագրեր ունի, որոնք ժամանակ առ ժամանակ կարող է մեջտեղ բերել և դրանք ֆինանսավորել։ Օրինակ՝ 2025 թվականի պետական բյուջեից։ Այլ հարց է նաև այն, թե ինչ պարտքերի մասին է խոսքը, քանի որ ՏԿԵՆ-ը և անձամբ վարչապետը բազմիցս իրենց տարածած հայտարարություններում նշել են, որ իրենք պարտքեր չեն կուտակել: Անգամ եթե այդ պարտքերը կան, պետք է ճշտել, թե որտեղ են դրանք հաշվառված, և ինչո՞ւ այդ պարտքերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացված չէ»:
Պարոն Քյուրումյանը սոցիալական հարթակում նաև գրել էր․« Փաստորեն ՀՀ կառավարությունը կուտակո՞ւմ է պարտքեր և ոչ ճիշտ տեղեկատվություն է տրամադրում Արժույթի միջազգային հիմնադրամին և ոչ ճիշտ տեղեկություններ է հրապարակել 2024թ PEFA հաշվետվության մեջ, թե ՏԿԵՆ-ը ոչ ճիշտ տեղեկատվություն է տարածում և իրականում ՀՀ կառավարությունը բյուջետային ծախսերի գծով պարտքեր չի կուտակում»։ Նա ն հարց է բարձրացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» 2024թ ֆինանսավորված որոշ պայմանագրեր թվագրված են 2021-2023 թվականներով, ինչո՞ւ և ինչպե՞ս է ՀՀ ֆինանսների նախարարությունը թույլ տվել, որպեսզի ՏԿԵՆ-ը պարտքեր կուտակի, եթե ՀՀ կառավարությունը ֆինանսական խնդիրներ չի ունեցել։
Մեզ հետ զրույցում փորձագետը նկատեց՝ նման դեպքերում, երբ որոշումների կայացումը թափանցիկ կերպով չի կատարվում, ապա դրանք կասկածելի են և կոռուպցիոն ռիսկ են պարունակում․«Կառավարությունը պետք է փոխի իր մոտեցումը, և սուբյեկտիվ որոշումներ կայացնելու փոխարեն հանրությանը տեղեկացնի իր իրականացրած որոշումների տրամաբանության վերաբերյալ»:
Նիկոլ Մարգարյան