«Լեռնային Ղարաբաղ վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան։ Կարո՞ղ եք ասել՝ որտե՞ղ վերադառնալ և ի՞նչ պայմաններում»․Արարատ Միրզոյան
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն բանակցում է ԼՂ հայերի իրենց հայրենիք վերադարձի շուրջ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորությանը, և արդյոք ՀՀ-ն բանակցում է այս հարցի շուրջ, նախարարը պատասխանել է․«Մեր իշխանությունները նույնպես 2020 թվականի պատերազմից հետո, մեր գնահատմամբ, գործադրեցին հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակեն ապրել Լեռնային Ղարաբաղում և օժտված լինեն որոշակի իրավունքներով։ Այս ջանքերը և այս փաստը, կարծում եմ, չարժանացան Լեռնային Ղարաբաղի ներկա և, հնարավոր է, նախկին իշխանությունների ճիշտ վերաբերմունքին, և որոշ առումներով և այդ պատճառով ունենք այն, ինչ ունենք»։
Միրզոյանի խոսքով՝ մենք խոսել ենք Լեռնային Ղարաբաղում ապրելու մասին այն ժամանակ, երբ հայերն ապրում էին Լեռնային Ղարաբաղում․«Ի՞նչ պայմաններով վերադարձ՝ որևէ ինքնորոշված ինքնավարությա՞ն կազմում, թե՞ ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացիներ, թե՞ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն։ Լեռնային Ղարաբաղ վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը կրկնում են ոչ այնքան լրատվամիջոցները, որքան քաղաքական գործիչները։ Կարո՞ղ եք ասել՝ որտե՞ղ վերադառնալ և ինչ պայմաններում։ Որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր: Նման հնարավորություն կա: Որպես Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում կսովորեն հայոց լեզու, այդ հնարավորությունը կար։ Ուրի՞շ»։
Ճշտող հարցին, թե այս մասին բանակցություններ եղե՞լ են, Միրզոյանը բացասական պատասխան տվեց։
«2021-2022 թվականներին քննարկում էին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից ուղիղ բանակցությունները, Սոֆիայում կազմակերպվող հանդիպումը, այլ բաներ, որոնք ուղղակի հօդս ցնդեցվեցին, և այդ այդ հանդիպումների հետ միասին հնարավոր հեռանկարները, հօդս ցնդեցվեցին շատ կոնկրետ շրջանակների կողմից, շատ կոնկրետ գործողությունների միջոցով, գուցե նաև հրահրված շատ կոնկրետ երրորդ երկրների կողմից։ Հիմա, երբ այդ ամեն ինչը եղել է, երբ Լեռնային Ղարաբաղում հայեր չեն ապրում, Երեւանում ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Շատ լավ։ Ցավոք սրտի, ոչ մի լավ նան չեմ կարող ասել։ Մեր կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան, այդ թվում՝ կառավարության աջաակցությամբ, հոգան իրենց առաջնային կարիքները։ Կարճաժամկետ կտրվածքով դա տեղի ունեցել է, այժմ միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու փուլն է, այդ թվում՝ բնակարանով, զբաղվածություն և այլն։ Մենք կանենք մեզանից հասնող ամեն ինչ, որպեսզի նրանք ՀՀ-ում լիարժեք ինտեգրված զգան, ապրեն և արարեն»,-ասաց Միրզոյանը։
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ագրեսիվ հայտարարություններ է արել և սպանացել Հայաստանին։ Ալիևն ասել է՝ «Ադրբեջանը, վտանգի աղբյուր չէ հանդիսանում» նրանց համար։ Մենք խաղաղություն եւ համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, եւ թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ լինեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Զանգեզուրի միջանցքը պետք է եւ բաց կլինի։ Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լավ»։
Այս անչությամբ էլ Միրզոյանն ասաց․«Ես արդեն ասել եմ, որ Հայաստանն առաջադրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, եւ մենք հետեւողական ենք հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն է պահանջում, այլ մենք, առաջին հերթին, որովհետեւ մենք շահագրգռված ենք դրանում։ Ինչպես մյուս երկրները ցանկանում են օգտագործել Հայաստանի տարածքը տարանցման համար, այնպես էլ Հայաստանը կօգտագործի հարեւան երկրների տարածքները տարանցման համար»։
Նախարարի խոսքով՝ 21-րդ դարն է, բոլոր երկրներն էլ ցանկանում են առեւտուր անել եւ շփվել այլ երկրների հետ․«Մենք ուզում ենք կամուրջ լինել հարեւանների միջեւ, ուզում ենք լինել ոչ թե սեպ, ոչ թե բաժանարար, այլ կապող օղակ: Եթե հարգվի Հայաստանի ինքնիշխանությունը ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում՝ անվտանգության բաղադրիչի մասով, մենք ոչ միայն դեմ չենք, այլ նաեւ շահագրգռված ենք»։