Մոսկվան թույլ չի տա Ադրբեջանին «Խաղաղության պայմանագիր» կնքել Հայաստանի հետ՝ տարածաշրջանում ազդեցությունը չկորցնելու համար․Վարդանյան | Region

Մոսկվան թույլ չի տա Ադրբեջանին «Խաղաղության պայմանագիր» կնքել Հայաստանի հետ՝ տարածաշրջանում ազդեցությունը չկորցնելու համար․Վարդանյան

Հունվար 17,2025 20:20

Քաղաքագետը կարծում է, որ այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ է կառուցում, իսկ Լավրովի հայտարարությունը համարում է բացահայտ սպառնալիք

«Հայաստանը գործելու է իր ազգային շահերին համապատասխան՝ ստիպված չլինելով ձեռնարկել գործողություններ, որոնք կարող են հակասել այդ շահերին»,-այսպիսի տեսակետ հայտնեց REGIONSTV-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ մեկնաբանելով հունվարի 14-ին կայացած ամփոփիչ ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ։ Լավրովն այս աուլիսում ասել էր՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդ շրջան են ապրում։

Բնութագրելով Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները՝ Արմեն Վարդանյանը նշել է, որ երկու երկրների հարաբերություններն այլևս երբեք չեն լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էին։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը չի մոռանա Ռուսաստանի ղեկավարության  դավաճանությունը, որը թույլ տվեց Ադրբեջանին գրավել Լեռնային Ղարաբաղը։

«Ռուսաստանի գործողությունների շնորհիվ Ադրբեջանը հայերին արտաքսեց Ղարաբաղից։ Ավելի քան 120.000 հայեր ստիպված էին լքել իրենց տներն ու հողերը։ Հայ ժողովուրդը, իհարկե, սա չի մոռանա։ Այս վերքը հավերժ կմնա հայերի սրտերում։ Կարծում եմ, որ այսօր Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ է կառուցում՝ փոխշահավետ, փոխադարձ դիրքորոշումների ու շահերի հիման վրա։ Եթե ​​երկու երկրների շահերը համընկնեն, հնարավոր է համագործակցություն։ Սակայն եթե Ռուսաստանի գործողությունները հակասեն Հայաստանի շահերին, Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումը։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կհամակերպվի սրա հետ, նախկին հարաբերություններն այլևս չեն լինի այն, ինչ նախկինում էին»,- ասաց Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ երկկողմ հարաբերություններում ցանկացած փոփոխություն կախված կլինի երկու կողմերի կոնկրետ քայլերից։

Ըստ Վարդանյանի՝ Հայաստանը ձգտում է ամրապնդել իր անկախությունը և ստեղծել ավելի իրավահավասար գործընկերություն Ռուսաստանի հետ, ինչը կարող է նշանակել ոչ միայն հին համաձայնագրերի վերանայում, այլ նաև արտաքին քաղաքականության նկատմամբ իր ինքնիշխան մոտեցումների հստակ արտահայտում։

«Հարկ է նշել, որ Հայաստանը շարունակում է ուղիներ փնտրել իր արտաքին քաղաքական շահերը հավասարակշռելու համար։ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է բազմավեկտոր քաղաքականության անհրաժեշտությունը, ներառյալ՝ Եվրամիության և արևմտյան այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը, որոնք կարող են դառնալ այլընտրանքային գործընկերներ անվտանգության և տնտեսության ոլորտում»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով արևմտյան որոշ երկրների հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությանն ու դրա նկատմամբ ՌԴ-ի դիրքորոշմանը, Վարդանյանը նշեց, որ արևմտյան գործընկերները երբեք չեն ստիպել այս կամ այն ​​մասնակցին գործել երրորդ երկրի դեմ։ Նա կարծում է, որ Հայաստանը չի միանա երրորդ երկրի, մասնավորապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«Հայաստանը գործում է այնպես, ինչպես իր շահերն են պահանջում։ Թեեւ դժվար թե Հայաստանից պահանջեն պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Որոշում կայացնելիս Հայաստանը հենվում է իր ներքին կարիքների վրա։ Այսպիսով, մենք կարող ենք ակնկալել, որ Հայաստանը կպահպանի զգույշ մոտեցում և կգործի իր ազգային շահերին լավագույնս համապատասխանող՝ չստիպելով ձեռնարկել գործողություններ, որոնք կարող են հակասել այդ շահերին»,- ընդգծեց քաղաքագետը։

Նույն ասուլիսում Լավրովը նշել է՝ ՀՀ- ԱՄՆ ռազմավարական համաձայնագրի ստորագրումը Երեւանի ինքնիշխան իրավունքն է, եւ որ Մոսկվան մտադիր չէ այլ երկրներին ասել, թե ում հետ պետք է հարաբերություններ կառուցեն։ Լավրովը, սակայն, նաև ասել է՝«առանցքային նշանակությունը փաստաթղթի անվանումը կամ դրա ստորագրումը չէ, այլ նման գործընկերության գործնական հետեւանքները»։

Մեկնաբանելով Լավրովի խոսքերը՝ Վարդանյանն ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ դեռ կտրուկ քայլեր չի ձեռնարկի։ Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը հիմա շատ խնդիրներ ունի՝ ներքաշվել է Ուկրաինայում պատերազմի մեջ, շատ դժվարություններ կան Արևմուտքի հետ, Արևմուտքը Ռուսաստանին անկյուն է քշել, անընդհատ պատժամիջոցներ է կիրառում, կա․ «Ուստի հարավային ուղղությամբ Ռուսաստանը դեռ զսպում է իր էմոցիաները և կտրուկ քայլերի չի դիմում։ Ռուսաստանը հույս ունի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին, և կկարողանա Հայաստանն իր ուղեծիր վերադարձնել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը չի մասնակցի այս կազմակերպության գործունեությանը, բայց  նաև չի լքի այն, մինչև հարմար պահը գա։ Հիմա այդ հարմար պահը չէ։ Հայաստանի ղեկավարությունն առայժմ սպասում է, Ռուսաստանը նույնպես ձեռնպահ է մնում կտրուկ գործողություններից. Կողմերը վերահսկում են իրավիճակը՝ խուսափելով հանկարծակի տեղաշարժերից»։

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հաստատեց  ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Լավրովը ՀՀ այս քայլերի մասին ասել է՝ դա Հայաստանի  ինքնիշխան որոշումն է, սակայն կոչ է արել կշռել դրական և բացասական կողմերը՝ հիշեցնելով նաև, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։

Արմեն Վարդանյանը ՌԴ նման դիրքորոշման մասին ասաց՝  իհարկե, ճիշտ է Ռուսաստանը, բոլորը գիտեն, որ դրանք անհամատեղելի կառույցներ են, Հայաստանը նույնպես հասկանում է, որ չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ․«Բայց առայժմ Հայաստանը չի շտապում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Երեւանը մոտենում է Եվրամիությանը, բայց մյուս կողմից՝ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Կարծում եմ, որ Ռուսաստանը դեռ կտրուկ քայլերի չի գնա, որովհետեւ այժմ Հայաստանը կարեւոր օղակ է, որի շնորհիվ ռուսական ապրանքները շրջանցում են արեւմտյան պատժամիջոցները։ Հայաստանի շնորհիվ Ռուսաստանը ոսկի, ադամանդ և այլ թանկարժեք մետաղներ է վաճառում այլ երկրներին և շրջանցում է միջազգային պատժամիջոցները։ Առայժմ Ռուսաստանին իսկապես պետք է Հայաստանը, ուստի Ռուսաստանը չի ցանկանում գնալ որևէ կտրուկ քայլի։ Այնպես որ, մոտ ապագայում Հայաստանը կմոտենա ԵՄ-ին, բայց ԵԱՏՄ-ից դուրս չի գա, և Ռուսաստանը պետք է հաշտվի դրա հետ»։

Քաղաքագետի կարծիքով՝ Լավրովի զուգահեռը Հայաստանի և Ուկրաինայի միջև բացահայտ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ նման հայտարարության մեջ Լավրովն ընդգծում է, որ Մոսկվան պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե դաշնակիցները սկսեն շեղվել համաձայնեցված քաղաքականությունից։

Վարդանյանն ընդգծեց՝ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարությունները վկայում են Հայաստանի և նրա ավանդական դաշնակցի հարաբերություններում լարվածության աճի մասին։

«Ռուսաստանն ակնարկում է, որ կարող է փակել իր սահմանները հայկական ապրանքների համար, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Բայց Երեւանը դեռ մտադիր չէ լքել այս կազմակերպությունը։ Երկրի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսական շուկայի հետ, և ցանկացած սահմանափակում կարող է լուրջ հետևանքներ ունենալ հայ արտադրողների համար։ Երեւանը նաեւ ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական հարաբերությունները, ինչը որոշակի լարվածություն է առաջացնում Մոսկվայի հետ հարաբերություններում»,-ասաց Վարդանյանը։

Մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, թե Արևմուտքը փորձում է անհիմն միջամտել  Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, Վարդանյանն ասաց․«Արևմուտքն ամեն կերպ օգնում է կողմերին համաձայնության հասնելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Սակայն, ադրբեջանցի անկախ փորձագետների կարծիքով, հենց Ռուսաստանն է խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Օրինակ, կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը պնդում է, որ Ալիևը Պուտինին ոչ մի դեպքում չի խոստացել «Խաղաղության պայմանագիր» կնքել Հայաստանի հետ։ Ես նույնպես կիսում եմ այս տեսակետը՝ կարծում եմ, որ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին «Խաղաղության պայմանագիր» կնքել Հայաստանի հետ՝ տարածաշրջանում ազդեցությունը չկորցնելու համար։ Ռուսաստանն օգտագործում է հակամարտությունները որպես լծակ աշխարհի տարբեր մասերում իր ազդեցությունը պահպանելու համար»։

Զաբելա Ավագյան

Նորություններ