Նախաքննական մարմնից թաքցրել են, որ զինվորական կացարանի հրդեհի օրը վերակարգի հետ կապված վիճաբանություն է եղել, հրդեհի բռնկման պահին Եղիշե Հակոբյանի հետ ևս 2 զինծառայող է եղել․Նորիկյան

Ազատ գյուղի զինվորական կացարանում ողբերգական հրդեհի գործով փաստաբան Նորայր Նորիկյանն ասում է՝ իրավապահներն ամեն ինչ անում են գործը կոծկելու և մեղավորներին պատասխանատվության չենթարկելու համար
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մի քանի վկաներ վարույթ իրականացնող մարմնից թաքցրել են մի քանի կարևոր հանգամանքներ։ Այս մասին այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում վստահեցրեց հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների իրավահոջորդների լիազոր ներկայացուցիչ փաստաբան Նորայր Նորիկյանը։
Հունվարի 19-ին լրացել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի 2-րդ տարելիցը, որի հետևանքով 15 զինծառայող է մահացել:
Փաստաբանը շեշտեց՝ անցնող 2 տարին բավարար էր գործի վրա լույս սփռելու համար, սակայն իրավապահ մարմինների անբարեխիղճ, ոչ կոմպետենտ և անպատասխանատու աշխատանքի արդյունքում այս ընթացքում ավելի շատ հարցեր են առաջացել, քան տրվել են պատասխաններ:
Նորիկյանը ասուլիսի ժամանակ գործի վերաբերյալ կարևոր բացահայտում արեց, նշելով, որ ինչպես հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, այնպես էլ նախաքննության ընթացքում ցուցմունք տված վկաները, մասնավորապես՝ Լևոն Խառատյանը, Գարուշ Սարգսյանը, Ժիրայր Սահակյանը, Արսեն Սողոմոնյանը, և այլ անձինք վարույթ իրականացնող մարմնից թաքցրել են մի քանի հանգամանքներ, մասնավորապես այն, որ դեպքի օրը Ժիրայր Սահակյանի ծնողները եղել են կացարանում, նույն օրը 20:00-ի սահմաններում վերակարգի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել անձնակազմի ներկայացուցիչների միջև, նաև այն, որ դեպքից 2 օր առաջ վիճաբանություն է եղել նաև սպաների և զինծառայողների միջև:
« Այս առումով, ինձ համար տարօրինակ է, որ այդ անձինք ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով պարզապես վարույթ իրականացնող մարմնից թաքցրել են այդ հանգամանքները, և միայն դատական վարույթի ընթացքում այդ մասին սկսել է խոսել Եղիշե Հակոբյանը»-ասաց Նորիկյանը:
Մյուս կարևոր հանգամանքը, ըստ փաստաբանի, այն է, որ Եղիշե Հակոբյանը դատական վարույթի ընթացքում առաջին անգամ հայտարարել է, որ վառարանը վառելու պահին իր հետ են եղել նաև Ռադիկ Մաթևոսյանը և Լևոն Խառատյանը, ովքեր կտրականապես հերքում են այդ փաստը:
Գործի քննության ընթացքում Նորայր Նորիկյանի կողմից ԱԱԾ է ուղարկվել դիմում, որպեսզի քննարկվի հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը օտարերկրյա, այդ թվում՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ ԱԱԾ-ից խոստացել են ներկայացված հանգամանքները հաշվի առնել գործի քննության ընթացքում: Հենց այդ ընթացքում էլ տուժող կողմի ծնողների միջոցով հնարավոր է եղել ստանալ տեղեկություններ, որ մեղադրյալը անձնական ջերմ հարաբերությունների մեջ է եղել մի քաղաքացու հետ, ով բնակվում է Երևան քաղաքում սակայն հանդիանում է Իարայելի քաղաքացի:
Տուժողների իրավահաջորդներն ու փաստաբանը պարզաբանում են պահանջում՝ ի՞նչ է եղել հրդեհից առաջ, ո՞ր է եղել պատճառը, որ 15 զինծառայող ի վիճակի չեն եղել արթնանալ:
«Նույնիսկ այդ նույն տարածքում լինելու պայմաններում, դատաբժիշկների եզրակացություններում, զոհված զինծառայողների օրգանիզմներում տարբեր են եղել կարբօքսիհեմոոգլոբինի առկայության մակարդակը: Շմոլ գազի մակարդակը 1 զինծառայողի մոտ առավելագույնը արձանագրվել է 59,9 տոկոս, իսկ ամենապակասը արձանագրվել է 2 զինծառայողի մոտ՝ 20,8 տոկոս։ Սա առնվազն պարզաբանման ենթակա հարց է, թե ինչպես կարող էր նույն տարածքում, նույն թունավորման պայմաններում նման ինդիվիդուալ, կամ տրամագծորեն առանձին արդյունքներ արձանագրվել»,-ասաց իրավաբանը:
Նրա խոսքով, տուժող կողմի դիրքորոշումը գործի վերաբերյալ անփոփոխ է, կա այն խորը համոզմունքը, որ իրավապահ մարմինների կողմից արվում է ամեն հնարավոր բան գործը կոծկելու և մեղավորներին պատասխանատվության չենթարկելու համար:
Ասուլիսին ներկա հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Հայկ կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ ասաց՝ քրեական գործում իրենց համար ոչ մի բան պարզ չէ, գնալով ամեն ինչ ավելի է խճճվում, վկաների ավելանալու հետ զուգահեռ ավելանում են նաև հակասություններն ու կասկածները:
Նշենք, որ ողջ մնացած զինծառայողներից Ռադիկ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել, վերջինիս գործը մեղադրական եզրակացությամբ անջատվել է մայր գործից, և ուղարկվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քննության՝ ՀՀ Քրեական օրենսգրաքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով՝ վերակարգի մեջ ընդգրկված զինխառայողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ անփույթ կատարելու մեղադրանքով, որը ենթադրում է ազատազրկում 3-6 տարի ժամկետով:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավաասության դատարանում 5 մեղադրյալի ներգրավմամբ դատաքննությունը շարունակվում է, տուժող 19 ծնողներից այս պահին հարցաքննվել են 14-ը, 2-ը մահացել են, 2-ը չեն հարցաքննվել, չի հարցաքննվել նաև կացարանի սեփականատեր հանդիսացող կինը:
Նիկոլ Մարգարյան