Պետք է սպասել և տեսնել՝ արդյոք ԱՄՆ-ը կգնա փոխզիջումների, թե՞ միտումնավոր կթողնի միայն մեկ դուռ Թեհրանի առջև, այն էլ դեպի ՌԴ և Չինաստան»։ Մովսես Քեշիշյան

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն ասում է՝ Հարավային Կովկասի իրավիճակը և Մոսկվա–Անկարա–Բաքու եռյակի հակահայաստանյան և հակաիրանական քայլերը և հռետորաբանությունը կարող են որոշակիորեն մթագնել Իրան–Ռուսաստան հարաբերությունները
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո իրանցի փորձագետներն ու հասարակությունը ակտիվորեն քննարկում են Իսլամական Հանրապետության նկատմամբ նրա որոշումներն ու հնարավոր քայլերը։ Թրամփի իշխանության գալը Թեհրանում դիտվում է որպես Իրանի համար հնարավորություն՝ ռազմավարությունը փոխելու, ինչպես նաև միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցություններ սկսելու։
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը REGIONSTV-ին տված հարցազրույցում նշեց, որ Թեհրանը հետաքրքրությամբ հետևում է ԱՄՆ նախագահի նոր որոշումներին, հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Իրանի և Ամերիկայի հարաբերությունները խզվել են, իսկ այնուհետ փոխադարձ հակադրումները կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը ավելի և ավելի է դժվարացրել։
Քեշիշյանը նկատեց՝ երկու կողմերից մեծ ջանքեր է պահանջվում, որպեսզի կարողանան նախևառաջ որոշ չափով իրար հանդեպ վերականգնել վստահությունը և ներքին դաշտում զսպել կարծր դիրքեր ունեցող շրջանակներին, որոնք ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում երկու երկրում․«Այնպես որ Թրամփի հայտարարությունը հարաբերություններ հաստատելու դժվարության մասին հեռու չէ իրականությունից, և դա վերաբերում է երկու կողմին ևս: Չեմ կարծում, որ Իրանը մտավախություններ ունի, մանավանդ այսօր երբ հասկանալի է, որ Իսրայելի կողմից Գազայի դեմ սանձազերծած անհավասար պատերազմը կասեցվել է Թրամփի իշխանության գալու օրոք: Մյուս կողմից Իրանը դեռ Թրամփի ընտրվելուց ամիսներ առաջ պատրաստակամություն էր հայտնել Արևմուտքի և այդ շարքում նաև ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու»:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օրերս հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից «լավ խոսքերից» ավելին կպահանջվի՝ Թեհրանին համոզելու բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնության հասնելու համար․«ԱՄՆ-ը շատ բաներ պետք է անի Թեհրանի «վստահությունը գնելու համար»»։
Նկատենք, ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ այդ հարցում կնախընտրի դիվանագիտական լուծումը՝ շեշտելով, որ «լավ կլինի» եթե Իրանի հետ նոր համաձայնագիրը լինի։
Նշենք, որ 2018-ի մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի 2015-ի միջուկային համաձայնագրից, որը պաշտոնապես կոչվում էր «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր»։
Միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև համագործակցության վերսկսման հնարավորության մասին էլ Մովսես Քեշիշյանն ասաց՝ վաղ, թե ուշ, Իրանը և ԱՄՆ-ն գալու են եզրակացության, որ պետք է սկսեն բանակցություններ վարել միմյանց հետ․«Իսկ թե այդ բանակցությունները կսահմանափակվի միայն միջուկային հարցերով, թե ավելի առաջ անցնելով կհասնեն մինչև երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, բոլոր դեպքերում էլ դրական արդյունք կարող են բերել երկու երկրների և բնականաբար նաև տարածաշրջանի համար: Ինչ վերաբերում է Թեհրանի և Վաշինգտոնի կողմից հնչող այլևայլ պայմաններին ու նախապայմաններին, կարծում եմ դրանք այնքան էլ էական չեն, այլ դրանով կողմերը փորձում են դիմացինից ինչ-որ պատասխան կորզել»:
Անդրադառնալով Թրամփի հայտարարությանը՝ «եթե Թեհրանը միջուկային զենք ունենա, դա աղետ կլինի ամբողջ աշխարհի համար, քանի որ մյուսները ևս կստեղծեն նման զենք», Քեշիշյանն ասաց՝ ճիշտ հենց այդ մտավախությունից էլ Արևմուտքը պիտի փորձի Իրանի հետ երկխոսության մեջ մտնել, Թրամփը հասկանալով է նման հայտարարություն անում․«Ըստ էության դա կարմիր գիծ է ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի, այլ նաև Ռուսաստանի համար»:
Խոսելով Թրամփի նախագահության օրոք Իրանին Իսրայելի կողմից հնարավոր հարված հասցնելու մտավախությունների մասին՝ Քեշիշյանը հիշեցրեց, որ ոչ միայն Իսրայելը, այլ ամբողջ աշխարհը տեսավ, որ Իրանն Իրանը ունակ է պատասխանելու Թել-Ավիվի արկածախնդրական քայլերին: Ըստ Քեշիշյանի՝ Թեհրանն արդեն ապացուցել է, որ նման քայլերի համար ունի կամք և հնարավորություն, բայց միևնույն ժամանակ Թեհրանը ցույց է տվել որ փոխադարձ հասկացողությամբ կարելի է հեռու մնալ մահաբեր հետևանքներից: «Մյուս կողմից Իսրայելը Իրանի միջուկային կենտրոնները լիակատար ոչնչացնելու համար հնարավորություն չունի, ոչ միայն հրթիռների և ռումբերի առումով, այլ նաև կործանիչների կարողությամբ, և առանց Ամերիկայի օգնության չի կարող ազդու հարված հասցնել, և միայն կարող է հարվածել Էներգետիկ և այլ կենտրոններին: Այսինքն հնարավոր չէ Իսրայելը առանց Թրամփի վարչախմբի կամ ԱՄՆ-ի հավանության որևէ մեծ քայլ ձեռնարկի Իրանի դեմ»,-նկատեց նա:
Անդրադառնալով համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունների հնարավոր փոփոխությանը, Քեշիշյանն ասաց՝ մեծ փոփոխություն պետք չէ սպասել Մոսկվա-Թեհրան հարաբերություններում, մանավանդ Սիրիայում տեղի ունեցած զարգացումներից հետո:
Գլխավոր խմբագրի խոսքով՝ իսկ Հարավային Կովկասի իրավիճակը և Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակի հակահայաստանյան և հակաիրանական քայլերը և հռետորաբանությունը կարող են որոշակիորեն մթագնել Իրան-Ռուսաստան հարաբերությունները․«Այնուամենայնիվ, եթե Իրան-Արևմուտք հարաբերություններում նույնիսկ չնչին դրական տեղաշարժ արձանագրվի հարցերը այլ ուղղություն կունենան: Պետք է սպասել ու տեսնել, որ արդյոք ԱՄՆ-ն կգնա փոխզիջումների, թե գիտակցաբար Թեհրանի առջև միայն մեկ դուռ բաց կթողնի, այն էլ դեպի Ռուսաստան և Չինաստան»:
Զաբելա Ավագյան