Ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններ.տիկին Մանիկի համար անգամ մի հատ հաց գնելը փորձություն է | Region

Ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններ.տիկին Մանիկի համար անգամ մի հատ հաց գնելը փորձություն է

Փետրվար 02,2025 15:30

Շատերի համար ջուրը տուն բերելը, խանութ հասնելը, անգամ լոգանք ընդունելը սովորական բաներ են, բայց ոչ տիկին Մանիկի, նա դժվարությամբ է տեղաշարժվում, գյուղում՝ Դսեղում, հարմարություններ չկան, իր տունն էլ հաշմանդամության համար հարմարեցված չէ

63-ամյա Մանիկ Խառատյանի համար նույնիսկ ամենասովորական բաները՝ խանութ գնալը, ջուր բերելը, իսկ ձմռանը պարզապես տնից դուրս գալը, դարձել են ծանր փորձություն։ Դեռ 15 տարեկանից հենաշարժողական խնդիրներ ունենալու պատճառով նրա կյանքը լցված է ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններով։ Գյուղում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարություններ չկան, իսկ աջակցությունը սահմանափակ է։

Լոռու մարզի Դսեղ գյուղում է ապրում, տիկին Մանիկի տունը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձի համար, սանհանգույցը, վառարանի փայտը դրսում են։ Դժվարությամբ տեղաշարժվող այս կնոջ համար ամեն անգամ տանից դուրս գալը, թեկուզ մի քանի մետր քայլելը, իր նկարագրելով՝ ծանր է։

«Չեմ սիրում բողոքել, բայց երբ ամենափոքր բանն անգամ մեծ փորձություն է դառնում, ակամա մտածում ես՝ ինչո՞ւ պետք է կյանքն այսքան բարդ լինի»,– ասում է նա։

Տիկին Մանիկը հիշում է մանկությունը, երբ առանց խնդիրների վազվզում էր գյուղի արահետներում, խաղում ընկերների հետ, օգնում տանը։ Ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ ընկավ ու այլևս չկարողացավ վեր կենալ այնպես, ինչպես առաջ։ «Կատարյալ առողջ էի, մի օր դուրս գնալիս ընկա, զգացի, որ այդ պահին ոտքերս փայտացան ու գոտկատեղից ներքև այլևս ոչինչ չէի զգում, տեղափոխեցին հիվանդանոց։ Բժիշկներն ասում էին՝ պետք է համբերատար լինեմ, պետք է պայքարեմ։ Եվ ես պայքարեցի… Երկու ամիս անց մի փոքր շարժվեցի, հետո՝ ավելի, բայց երբեք նախկինի պես չեղավ»,-պատմում է նա։

Կյանքը շարունակվեց, բայց ոչ իր պատկերացրածի, երազածի պես, ոչ այնպես, ինչպես նա կցանկանար: Թեև սովորել շատ էր սիրում, դպրոցն ավարտել չհաջողվեց, քանի որ դպրոց հասնելը դժվար էր, իսկ ամեն անգամ դասարանից դասարան տեղափոխվելը` ռիսկային, աստիճանները շատ էին։  Տարիներ անց, չնայած դժվարություններին, մասնակցեց մեքենագրական դասընթացների, բայց մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չեղավ. գյուղում դրա համար ոչ պահանջ կար, ոչ էլ անհրաժեշտ պայմաններ։

Այսօր, 63 տարեկանում, ծնողների մահից հետո նա միայնակ է ապրում։ Արտաքուստ խաղաղ ու համեստ կնոջ կյանքում դժվարություններն անվերջանալի են․ շատերի համար ջուրը տուն բերելը, խանութ հասնելը, անգամ լոգանք ընդունելը սովորական բաներ են, բայց ոչ՝ Մանիկի․«Երբ եղանակը տաք է, կարողանում եմ մի կերպ հասնել խանութ, հաց առնել, բայց ձմռանը, երբ ձյուն է կամ անձրև, ինձ համար անհնար է դրսում քայլելը։ Հարևաններին, բարեկամներին եմ խնդրում, որ հաց կամ որևէ անհրաժեշտ բան բերեն»։

Տիկին Մանիկը լոգանքի համար ջուր է կրում․«Լողանալու տեղ չունեմ, ամեն ինչ փորձում եմ կազմակերպել, բայց շատ դժվար է»։ Այս խնդիրներին գումարվում է մաշված տանիքը, անձրևին, ձնհալին տանիքը կաթում է։

Միակ եկամուտը թոշակն ու նպաստն են, ասում է՝ դա բավարար չէ կյանքի որակը բարելավելու համար։

«Տարիներ շարունակ ոչ մի աջակցություն չեմ ստացել, բայց 2023-ին` նպաստի համար եկան մեր տան  պայմանները ստուգելու, խորհուրդ տվեցին տանիքի համար դիմել մարզպետարան, ու գնացին։ Եկան նախորդ տարի ամռանը` խոստումներ տվեցին, որ կաջակցեն, օգնող մարդ կուղարկեն, իսկ ես մինչև հիմա սպասում եմ»,- պատմում է նա։

Համացանցից օգտվել չգիտի, ժամանակակից հնարավորություններով հեռախոս էլ չունի, թեև իր իրավունքներին ու օրենքներին լավ է տիրապետում, բայց չի կարողանում իր ձայնը համապատասխան մարմիններին հասցնել. «Համայնքը խոշորացված է, կենտրոնն այլ քաղաքում է, գնալ-գալ չեմ կարող, իսկ հիմա ամեն ինչ օնլայն է, ես էլ օգտվել չգիտեմ»,- պարզաբանում է Մանիկը։

 

Մանիկը հույսը չի կորցնում, ամեն բացվող օրվա հետ սպասում է իր կյանքում մի լավ փոփոխության․«Մարդ պիտի ապրի, ինչպես էլ լինի։ Երբեմն մտածում եմ՝ եթե իմ տունն էլ մի փոքր ավելի հարմար լիներ, կյանքս գուցե ավելի հեշտ կլիներ։ Ես մեծ բան չեմ ուզում՝ միայն նվազագույն հարմարություններ, որ ստիպված չլինեմ ամեն օր այսքան ուժ  ու էներգիա ծախսել ամենափոքր բաների համար»։

 Սյուզաննա Խառատյան

Նորություններ