Դսեղի մարդիկ՝ զբոսաշրջության սեզոնից դուրս

Տեղացիներից շատերը զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, ինչը հիմնականում նախատեսված է իրենց կարիքների համար,զբոսաշրջության օգուտներից քչերն են կարողանում օգտվել
Լոռու մարզի Դսեղ գյուղը ոչ միայն Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է, այլև հարուստ պատմությամբ ու մշակույթային վայրերով։ Շատերը գալիս են այստեղ՝ վայելելու բնությունը, տեսնելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, քայլելու անտառներում կամ պարզապես մաքուր օդ շնչելու։ Բայց երբ զբոսաշրջային սեզոնն ավարտվում է, ինչպե՞ս են ապրում այստեղի մարդիկ։
Զբոսաշրջությունը Դսեղում եկամուտ է բերում, բայց ոչ բոլորի համար։ Տարվա տաք ամիսներին գյուղում աշխատում են հյուրատներ, ռեստորաններ, զբոսավարներ, իսկ տեղացիներից ոմանք զբաղվում են սեփական արտադրանքի վաճառքով։ Սակայն այս հնարավորությունները հիմնականում սեզոնային են։

Գարիկ Ոսկանյան
«Ամռանը լավ է, մարդիկ գալիս են, գործ կա, բայց ձմռանը ավելի դժվար է, որովհետև այստեղ հիմնականում գյուղատնտեսություն է, իսկ կլիման բավականին խիստ է», – ասում է 24-ամյա Գարիկ Ոսկանյանը, որը Ռուսաստանում աշխատելուց հետո վերադարձել է գյուղ` մշտական բնակության համար: Նախորդ տարիներին նա որպես մատուցող աշխատել է գյուղի ռեստորաններից մեկում, բայց քանի որ հիմա արդեն ձմեռ է, այլ աշխատանք է գտել. սկսել է աշխատել առցանց խանութի պատվերների դուրսգրման բաժնում:
Տեղացիներից շատերը զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, ինչը հիմնականում նախատեսված է իրենց կարիքների համար։
«Ոմանք Ռուսաստանում են աշխատում, հատկապես երիտասարդները, որովհետև այստեղ տարվա կեսին գործ չկա։ Ես անասնապահությամբ էի զբաղվում, բայց օգուտը այդքան էլ մեծ չէր, իմ ընտանիքի կարիքները բավարարելուն էր միայն հերիքում», – պատմում է Լյուդմիլա Խառատյանը։ Հիմա նա աշխատում է գյուղից դուրս գործող «ՍՄԱՐԹ» կենտրոնում։ Նա վստահ է, որ եթե մարդ իսկապես ցանկանա, ապա ցանկացած վայրում կարող է աշխատանք գտնել։

Լյուդմիլա Խառատյան
Չնայած գյուղը հայտնի է որպես զբոսաշրջային կենտրոն, համայնքի բոլոր բնակիչները չեն կարողանում օգտվել այդ հնարավորություններից։ Ոմանք նշում են, որ զբոսաշրջությունից օգուտ քաղում են հիմնականում նրանք, ովքեր ունեն բիզնես կամ հարմարություններ հյուրեր ընդունելու համար։
«Մարդիկ գալիս են, բայց բոլորը չէ, որ ինչ-որ բան են գնում կամ մնում գյուղում գիշերելու։ Եթե կացարան չունես, ուրեմն շահույթ չունես։ Տղաս ու թոռս են Ռուսաստանում, այդպես ենք ապրում»,–ասում է 85-ամյա Ռոզա Պետրոսյանը, որի ամուսինը, ինչպես ինքն է նշում` երիտասարդ տարիներին տուրիստների հետ էր աշխատում։
Տեղացիները նշում են, որ գյուղի զարգացման համար կարևոր է ոչ միայն զբոսաշրջությունը, այլև գյուղատնտեսության ու արհեստների զարգացումը։ Եթե լինեն տեղական արտադրության կետեր, եթե մարդիկ կարողանան իրենց պատրաստած սնունդը, խմորեղենը կամ այլ ծառայություններ մատուցեն՝ տարվա բոլոր եղանակներին, ապա եկամուտը ավելի կայուն կդառնա։

Նոնա Հովակիմյան
Նոնա Հովակիմյանը դպրոցն ավարտելուց հետո շարունակում է գյուղում ապրել, սովորում է Վանաձորի պետական համալսարանում, նշում է՝ իդեալական ոչինչ ոչ մի տեղ չկա, հեշտությամբ է համայնքի խնդիրներն ու առավելություններն առանձնացնում․ «Դեպի մարզկետրոն օրվա մեջ ավտոբուսը մեկ անգամ է գնում, այն էլ սպասարկելով 3 գյուղ, եթե ուսանող ես, կամ աշխատող միշտ չէ, որ հարմար է այդպես»,- նշում է նա և առանձնացնում նաև համյանքում առկա ոռոգման ջրի խնդիրը․ «Այդ ռեսուրսի բացակայության պատճառով հողերն օգտագործում են որպես խոտհարքներ, թեպետ կարող էին ինչ-որ բան ցանել, մշակել ու մեծ եկամուտներ ստանալ»,-ընգծում է Նոնան։
Տարվա նրա ամենասիրելի ժամանակահատվածը ամառն է, երբ գյուղում ակտիվություն է․ «Ես թանգարանին մոտ եմ ապրում, ամեն անգամ շատ զբոսաշրջիկների տեսնելով ուրախանում եմ, որ մեր համայնքը հետաքրքիր ու կարևոր վայր է դարձել այցելուների համար։ Նրանք գալիս են, ուսումնասիրում մեր պատմությունը, մշակույթը, ու դա շատ ուրախացնող է։ Հուսով եմ, որ զբոսաշրջությունը կարող է ավելի զարգանալ, ու մարդիկ սկսեն ավելի շատ գնահատել մեր գյուղի ավանդույթներն ու բնական գեղեցկությունը»։

Դսեղի խոտհարքը ամռանը

Թումանյանի արձանը գյուղի հրապարակում

Մշակույթի տունը
Սյուզաննա Խառատյան