«Նման երեխաները պետք է մնան տանը կամ գնան հատուկ դպրոց։ Փառք Աստծո՝ աղջիկ չունեմ».ԵՊՀ դասախոսի խտրական խոսքերը լսարանում | Region

«Նման երեխաները պետք է մնան տանը կամ գնան հատուկ դպրոց։ Փառք Աստծո՝ աղջիկ չունեմ».ԵՊՀ դասախոսի խտրական խոսքերը լսարանում

Փետրվար 11,2025 21:23

Աստղիկ Էմինյանն ամբողջ կյանքում պայքարում է, որպեսզի հատուկ կարիքներ ունեցող որդին կրթությունից դուրս չմնա, սակայն բուհում իր դասախոսից է նման խտրական խոսքեր լսել

«Նման երեխաները պետք է մնան տանը կամ գնան հատուկ դպրոց». այս խոսքերն ասել է ԵՊՀ դասախոսներից մեկը՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասին՝ լսարանում իր ուսանողների հետ հանդիպմանը։ Ուսանողներից մեկը՝ Աստղիկ Էմինյանը REGIONSTV-ի հետ զրույցում ցավով է արտաբերում իր այդ դասախոսի խոսքերը, որը դեմ է հանրակրթական դպրոցներում ներառական կրթությանը։

42-ամյա կինը կրթությունը շարունակում է ԵՊՀ-ի մագիստարտուրայում, տվյալ դասախոսը, որի առաջին դասն էր իրենց մոտ, սկսել է պատմել իր ընտանիքից։

«Խոսքի մեջ նախ ասաց՝ «փառք Աստծո՝ աղջիկ չունեմ», հետո շարունակեց պատմել իր կնոջ մասին, որը ուսուցչուհի է. ապա ասաց, որ նրա դասարանում կա ներառական կրթությամբ երեխա, որը բարձրանում է աթոռին, խանգարում մյուս նորմալ երեխաներին»,-պատմում է Աստղիկն ու շարունակում, որ տեղում չի ասել, որ ինքն էլ հատուկ կարիքներով երեխա ունի, բայց հարցրել է՝ ի՞նչ պետք է անել նման երեխաների հետ, դասախոսն առաջարկել է տանել ուրիշ երկիր, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ են։

«Նրան ասացի՝ եթե դուք չփոխեք ձեր գաղափարները, ուսանողներին էլ ճիշտ խորհուրդներ ու կրթություն չտաք, իմ որդին և մյուս իր նմանները ի՞նչ են անելու, երբ ես չլինեմ իր կողքը։ Դասախոսն ասաց՝ «իմ պատասխանը քեզ համար ցավոտ կլինի»։ Հաջորդ օրը մեկ այլ դասախոս, կին, ասել է՝ «սրանք ներառական ծրագիրը բերել, մտցրել են դպրոց…»,-պատմում  է Աստղիկը, նշելով, որ չի թողել, որ այդ դասախոսը շարունակի խոսքը, պատմել է նախորդ օրվա դեպքն ու խնդրել շրջանցել թեման։

Աստղիկ Էմինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել խնդրի վերաբերյալ, նշելով. «Սա ինձ համար անընդունելի է, անհասկանալի, ավելին՝ հոգեկան առողջությունս վնասող։ Այս թեմայի քննարկման արդյունքում խեղաթյուրվում է լսարանի աշխատանքային մթնոլորտը, կուրսընկերների միջև փոխհարաբերությունները լարվում են. իրենք պաշտպանում են դասախոսին, քամահրանքով վերաբերվում ինձ»։ Նա գրառմամբ նաև դիմել է մի քանի գերտեսչությունների, որոնցից դեռ արձագանք չի ստացել։

Նա պատմում է իր և համակուրսեցիների միջև լարվածության պատճառների մասին՝ խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ տարբեր դասերին հատուկ կարիքներ ունեցող երեխաներից են սկսել խոսել, որ այդ երեխաները դժվարություներ են առաջացնում դպրոցներում։ Աստղիկը նշում է, որ երբ ասել է, որ նման առանձնահատկությամբ որդի ունի, պատմել է իրեն հանդիպող դժվարություններից, կուրսընկերներից միայն քամահրանք ու քմծիծաղ է տեսել. «Մի անգամ էլ քննության օր էինք ընտրում, խնդրեցի չորեքշաբթի չլինի, որովհետև այդ օրը տղաս դասընթաց ունի, նրանք դիտավորյալ փորձում էին այդ օրը գցել, չեն ընդունում իմ տեսակը»։

Տասը տարուց ավելի է՝ ՀՀ-ում ներդրվել է համընդհանուր ներառական կրթական համակարգը։ Ըստ օրենքի՝ ներառական կրթությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր, որպեսզի նրանք կարողանան լիարժեք մասնակցել կրթական գործընթացին և հասնել պետական չափորոշիչներով սահմանված արդյունքների։ Օրենսդրական փոփոխությամբ սահմավել է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական: Պետության պարտավորությունն է ապահովել հատուկ կարիքներով երեխաների ներառականությունը կրթական համակարգում, նրանց հետ աշխատելու համար մանկավարժներ են վերապատրաստում։ Եթե բուհերում կամ դպրոցներում կան մանկավարժներ, որոնք հենց իրենք պետք է կրթեն, որ հասարակությունը խտրական չբերաբերվի հատուկ կարիքներ ունեցող անձանց, բայց հենց իրենք են խտրական վերաբերմունք ցուցաբերում, ուրեմն պետական ծրագիրը լավ չի աշխատում։

Աստղիկի ամբողջ կյանքը պայքար է որդու՝ հասարակությունում ներառվելու ճանապարհին։ Այս ճանապարհին նա հաճախ է հանդիպել խտրականության։

Նրա որդին՝ Ալենը, 9 տարեկանից է սկսել խոսել՝ այն էլ կցկտուր բառերով։ Երբ նա դպրոց էր ընդունվում, աուտիզմի ախտորոշում դեռևս չուներ, ծնողները մտածում էին՝ ուղղակի չշփվող երեխա է։

«2014 թվականի ապրիլ ամսին 17 դպրոց ինձ մերժեց որդուս ընդունել առաջին դասարան։ Բայց դրանից առաջ արդեն մի վճարովի դպրոցից հեռացրել էին, որովհետև մի իրանցի ծնող չէր ուզում, որ իր երեխայի դասարանում տղա լինի»,- պատմում է Աստղիկը։ Ասում է՝ ուսման համար առաջին դպրոցում ամսական 70,000 դրամ գումար էր մուծում, մի օր որոշել է ավելի շուտ գնալ տղայի հետևից ու դպրոց մտնելուն պես լսել է որդու լացի ձայնը։

«Պարզվեց, ինձնից թաքուն դասարանից հանել էին, տարել ինչ-որ անծանոթ աղջկա հետ այլ դասարանում նստեցրել ու նկարչություն անել տվել»,- պատմում է Աստղիկը։

Մարտ ամսվա կեսին նրան վերջնականապես ասացին՝ երեխայիդ տար այստեղից։ Իսկ պետական դպրոցները չէին ընդունում, ծնողները պահանջում էին, որպեսզօ Ալենին հեռացնեն դպրոցից. « Տարիներ շարունակ դպրոցում ծաղրել են որդուս, զուգարանի դուռը փակել, ֆիզկուլտուրայի դասերին չեն թողել մասնակցի, որովհետև «պարտություն էր բերում թիմին»։ Ուսուցիչը ոչինչ չէր անում»։

Այս դեպքից հետո Ալենը շուրջ 3 ամիս չէր կարողանում հանգիստ քնել։

Տարիներ շարունակ, ինչպես Աստղիկն է նշում, նրանք դժոխքի միջով են անցել մինչև ավագ դպրոց ընդունվելը։ Այդտեղ խնդիրները մեկ տարում լուծվեցին, ու որդին այսօր նույնիսկ չի հիշում այդ ամենը։

«Հիմա նրան բոլոր միջոցառումներին, թեկուզ փոքր, բայց ներառում են, որ հետ չմնա սոցիալիզացումից։ Շուտով կավարտենք դպրոցը ու կհայտնվենք այս դաժան հասարակության մեջ»,- ասում է Աստղիկը։

Նրա համոզմամբ՝ միայն շարունակական դասընթացները, վերապատրաստումները և մասնագետների ներգրավումը կարող է նպաստել, որպեսզի ցանկալի փոփոխություն լինի։ Օրինակ է նշում՝ պետք է մասնագետներին ուղարկել այնպիսի երկրներ, որտեղ հատուկ կարիքներով մարդիկ ընդունվում են ինչպես բոլորը՝ առանց որևէ խտրականության։ Այդպիսի մոտեցումը, ըստ նրա, կարող է նպաստել հասարակության մտածելակերպի փոփոխությանը։ Կարևորում է, որ դասարանները լինեն ավելի քիչ ծանրաբեռնված՝ 16-20 աշակերտով։ Նա վստահ է, որ միայն նման մոտեցմամբ կարելի է հասնել նրան, որ երեխաները՝ անկախ իրենց կարիքներից, արժանանան հավասար վերաբերմունքի ու կրթության։

«Ապագայի մասին մտածելիս սարսափ եմ ապրում։ Ամեն օր մեծ դժվարությամբ փորձում եմ որդուս կյանքի հմտություններ սովորեցնել, որ ինչ-որ բաներ մենակ կարողանա հաղթահարել, շատ դժվար է, որոշ բաներ՝ անհնար։ Ունի որոշակի հմտություններ, մտածում ենք զարգացնել, փորձել այնպես անել, որ դրանցով ինքն իր ապրուստը ձեռք բերի, բայց դեռ տարրական կենցաղային հմտություններ սովորելու փուլում ենք»։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ