12 մարդու կյանք խլած ավտովթարի գործով պաշտպաններն ասում են՝ եթե «Վոլկսվագենը» պատշաճ կահավորված լիներ, ապա հնարավոր կլիներ խուսափել այսքան մահերից

1 ու կես տարի առաջ 12 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքով դատավարությունը նոր է սկսվել, դատարանում տեսակետ հնչեց, որ վթարի հետևանքով «Վոլկսվագեն»-ի նստատեղերն ու ուղևորները դուրս էին հայտնվել
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության, առաջին ատյանի դատարանում երեկ 1 ու կես տարի առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով դատական նիստն էր։ 2023 թվականի օգոստոսի 14-ին ժամը 00:20-ի սահմաններում, «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշների ավտոմեքենաների բախման հետևանքով մահացել է 12 անձ, 4 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նրանք «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն են ու վարորդը։ Գործով ամբաստանյալ է «Զիլ» ավտոմեքենայի վարորդը՝ Համլետ Պետրոսյանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառված են տնային կալանքը, գրավը՝ չորս միլիոն դրամի չափով, և բացակայելու արգելքը։ Արդեն մի քանի անգամ նրա՝ տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է, ինչը մահացածների հարազատների մոտ մեծ դժգոհություն է առաջացրել։
Այս գործի քննությունը դատարանում է 2024 թվականի հունիսից, բայց նոր է թևակոխել բուն դատավարական փուլ։ Հիմա դատարանը դատավոր Արփինե Շտոյանի նախագահությամբ գրավոր ապացույցներն է հետազոտում։
Երեկ երեկոյան տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ էլ մեղադրյալի պաշտպաններ Ռուբեն Բալոյանը և Զարուհի Վարդանյանը շարունակ իրենց դժգոհություններն էին հայտնում նախաքննության և փորձաքննության արդյունքներից, հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանի հետ՝ անընդհատ բանավիճում։
Ըստ ամբաստանյալի պաշտպանների, առկա տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ Վոլկսվագեն մակնիշի ավտոմեքենայի նստատեղերը նետվել են դուրս: Ինչպես գործի նյութերից, այնպես էլ ինտերնետից նրանք պարզել են, որ VOLKSWAGEN CRAFTER 2.5TDI մակնիշի 2007թ․-ի արտադրության ավտոմեքենաները բեռնատար են և ոչ թե ուղևորատար, հետևաբար գործի քննության լրիվությունն ու համակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է պարզել մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև այն, թե այդ բեռնատար ավտոմեքենայի վերասարքավորումը ուղևորատարի համապատասխանո՞ւմ է արդյոք անվտանգության նորմերին, ստանդարտներին, թե՝ ոչ, նաև այդ տրանսպորտային միջոցի մինչվթարային արագությունը, նստարանների և դրանց թիկնակների ամրացումները, ամրագոտիների բացակայությունը և պատուհանների բացվածքները ուղևորների մահվան պատճառ հանդիսացե՞լ են թե՝ ոչ։
«Նախաքննության մարմնին չի հետաքրքրել այս ամենը»,- ասում են նրանք։
Պաշտպանների կարծիքով՝ եթե VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան կահավորված լիներ ստանդարտներին համապատասխան, ապա ուղևորները և նստատեղերը մեքենայից դուրս չէին հայտնվի և հետևաբար հնարավոր կլիներ խուսափել այսքան մահերից։
Բացի այդ, ամբաստանյալ Համլետ Պետրոսյանը, ըստ նրանց, առաջին անգամ հարցաքննվել է դեպքի օրը՝ ծանր մարմնական վնասվածքների առկայության պայմաններում և նշել, որ իրեն դեմ-դիմաց, այսինքն՝ իր ուղեմասով ընթացող «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի հետ տեղի է ունեցել բախումը, իրեն մի պահ կուրացրել է։ Հետագայում՝ այս մասին նա տվել է ավելի մանրամասն ցուցմունքներ, որոնք սակայն, պատշաճ փորձաքննության առարկա չեն դարձել, անտեսվել են։
Դատական նիստի ժամանակ ներկաները դիտեցին դեպքի օրվա տեսագրությունները, որոնք նկարահանել էին պարեկները։ Դրանցից պարզ դարձավ, որ մինչ շտապ բուժօգնության մեքենայի գալը, տուժածներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու պարեկները։
Ըստ ամբաստանյալի պաշտպանների՝ 2 մեքենաների բախման տեղը նախաքննական մարմինը ճիշտ չի սահմանել։ Նրանց դիտարկմամբ՝ այն գտնվում է սահմանված տեղից մոտ 50 մետր հեռավորության վրա, քանի որ այդտեղ թափված ապակու կտորներ կան։ Իսկ հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանն ասում է, որ բախման տեղն այնտեղ է, որտեղ գետնին ավտոմեքենայի յուղ է թափված։ Բավականին հեռու նետված նստարանները, ըստ նրա, այնտեղ են հայտնվել ոչ թե բախման, այլ՝ դրանք քաղաքացիների կողմից հեռացնելու պատճառով, քանի որ VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենայի մեջ մխրճված անձինք են եղել, որոնց դժվարությամբ են կարողացել դուրս բերել, դրա համար դետալներ են առանձնացվել մեքենայից։
Ըստ հանրային մեղադրողի, ամեն դեպքում, փաստն այն է, որ մեղադրյալ Համլետ Պետրոսյանի, նրա ընկերների ու պարեկային ծառայողների տված ցուցմունքների վերլուծությամբ հաստատվում է, որ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է VOLKSWAGEN-ի ուղեմասում, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում, մահացել է 12 մարդ։
Ի դեպ, մահացածները բոլորն էլ երիտասարդներ են, ովքեր Արևմտյան Հայաստան կատարած տուրից էին վերադառնում։ Նրանց ծնողները դժգոհում են դատավարության դանդաղ ընթացքից և պահանջում են արագացնել այն։ Տուժողներն ամեն դատական նիստին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան են գալիս Երևանից, Սյունիքից և Հայաստանի այլ մարզերից։ Գործով դատական նիստը կշարունակվի 2 շաբաթից։
Հիշեցնենք՝ մեղադրական եզրակացությամբ՝ Համլետ Պետրոսյանը՝ գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ իր կողմից շահագործվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով՝ դեպի Գյումրի ուղղությամբ, և հասնելով հիշյալ ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը, այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի հեռահար լույսերից շլանալու հանգամանքով պայմանավորված, առանց վթարային լուսային ազդանշանը միացնելու և իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի արագությունը իջեցնելու, շարունակել է երթևեկությունը և ինքնաբերաբար երթևեկել դեպի ձախ, ինչի արդյունքում իր վարած տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, որի հետևանքով տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի հետ, ինչի հետևանքով մահացել է 12 մարդ, 4-ը ստացել մարմնական վնասվածքներ։
Կարինե Կազարովա