Արա Ղազարյան. Ադրբեջանի նոր հայցն ընդդեմ Հայաստանի ավելի շատ իր էքսպանսիոն քաղաքականությունն է արտահայտում, այն հիմնված չէ կոնկրետ իրավական դրդապատճառների վրա

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Ադրբեջանի նոր հայցն ընդդեմ Հայաստանի Հայաստանի վրա հերթական ճնշում կիրառելու փորձ է
Չնայած խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստմանը, Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ «Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին կոնվենցիայի» հիման վրա։ Հայցը մանրամասնում է Հայաստանի կողմից բազմաթիվ խախտումներ, որոնք իբր լուրջ և անուղղելի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին: Ադրբեջանը Հայաստանից ամբողջական փոխհատուցում է պահանջում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։
Ինչո՞ւ է Ադրբեջանը նոր հայց ներկայացնում, և արդյոք հիմքեր ունի նման պահանջի համար։ Այս առնչության միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը REGIONSTV-ի հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանի հայցն ավելի շատ ոչ թե իրավական դրդապատճառն է, այլ զուտ Հայաստանի վրա հերթական ճնշում կիրառելը՝ ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում։ Սակայն այս գործընթացում, ըստ փաստաբանի, Հայաստանը կպաշտպանի իր դիրքորոշումը։ Նա նաև նշեց, որ Ադրբեջանն մեկ անգամ արդեն պարտվել է միջազգային դատարանում Սարսանգի ջրամբարի հետ կապված․«Նշվել է, որ չի ապացուցվել, որ տեղի բնակիչների կամ Հայաստանի կառավարության գործունեության հետևանքով են այդ վնասները հասցվել, եւ, որ այդ վնասներն ավելին էին, քան պատճառվում են, երբ ոռոգման նպատակով ջրամբարի ջրից օգտվում էին։ Այսինքն Ադրբեջանի այդ հայցը կրկին առավելապես իր էքսպանսիոն քաղաքականությունն է արտահայտում, քան իրավական»։
Ղազարյանի դիտարկմամբ՝ սակայն Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ամեն կերպ միջամտելով և խոչընդոտներ ստեղծելով «Խաղաղության պայմանագրի» կնքման համար։ Ադրբեջանը նաև պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից»։
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ «Խաղաղության պայմանագր»-ում կա երկու չլուծված հարց, որոնցից մեկը միջազգային ատյաններից հայցերի հետ կանչումն է՝ երկկողմանի։ Փաշինյանն ասել է, որ չի բացառում միջազգային պահանջների փոխադարձ հետ կանչումը։
Այս առնչությամբ փաստաբանը նշեց, որ հայցերը հետ կանչելու ցանկացած որոշում պետք է ուղեկցվի ազգային մակարդակով իրավական պաշտպանության հստակ երաշխիքներով, հակառակ դեպքում Հայաստանի կառավարությունը վտանգում է ոտնահարել իր քաղաքացիների հիմնարար իրավունքները, որոնք արդեն իսկ քայլեր են ձեռնարկել միջազգային ատյաններում իրենց շահերը պաշտպանելու համար։ Բնականաբար, Փաշինյանի հայտարարությունը միջազգային հայցերը փոխադարձաբար հրաժարվելու մասին չի բխում այն դիմողների շահերից, ովքեր արդեն անհատական հիմունքներով դիմել են միջազգային ատյաններ։
Ըստ Ղազարյանի՝ պարզ չէ, թե արդյոք «Խաղաղության պայմանագիր»-ը կներա՞ռի համապատասխան իրավական պաշտպանություն: Նա նկատեց՝ բանակցությունները լիովին գաղտնի են, տեքստը՝ գաղտնի, ուստի, եթե Հայաստանը հրաժարվի միջպետական բողոքներից, ապա Եվրոպական դատարանը, օրինակ, կարող է անհատական բողոքները համատեղել միջպետականի հետ, և քաղաքացիները կկորցնեն իրենց դիմումները․«Այնուամենայնիվ, եթե Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում, բայց Խաղաղության պայմանագրին համապատասխան իրավական պաշտպանության միջոցներ չի տրամադրում, ապա խախտվում են անհատ պահանջատերերի իրավունքները։ Եթե կառավարությունը որոշի հրաժարվել միջազգային բողոքներից, նա պետք է հանրությանը ցույց տա, որ այս պայմանագիրը կտրամադրի այն, ինչի համար մարդիկ դիմել են միջազգային կամ քրեական դատարան։ Այսինքն՝ մինչ մերժումը պետք է հրապարակվի պայմանագրի տեքստը»։
Ղազարյանի կարծիքով՝ Ալիևի հռետորաբանությունը կամ դատական ակտերը իրավական որեւէ հետեւանք չեն առաջացնի Հայաստանի համար, որովհետեւ դա ընդամենը հռետորաբանություն է․«Դրանց հիմքում չկան իրական փաստեր, հետևաբար չի էլ կարող լինել իրավական որեւէ որոշում։ Դրա նպատակը միայն ռազմաքաղաքական ճնշում կիրառելն է եւ փորձել ինչ-որ հիմքեր գտնել այդպիսի ճնշման համար, բայց դա արդեն իսկ կլինի անօրինական։ Նախ չկան փաստեր, որ ՀՀ-ն պատրաստվում է պատերազմի, անգամ եթե լինեն այդ փաստերը, դա բավարար իրավական հիմք չէ, որ դրա համար կարելի ե հարձակվել մեկ այլ պետության վրա»։
Մեր դիտարկմանը, որ Ալիևը բազմիցս մեղադրել է, թե Հայաստանը սպառնալիք տարածաշրջանի համար՝ Հայաստանն անվանելով «ֆաշիստական», Ղազարյանն ասաց՝ Ալիևի հայտարարությունները զուրկ են պատմական և քաղաքական որևէ հիմքից և միջազգային հանրության աչքում հայ ժողովրդին ապամարդկայնացնելու քարոզչական գործիք է։ Նման հռետորաբանությունը, նրա կարծիքով, նպատակ ունի արդարացնել Ադրբեջանի կողմից հնարավոր հետագա ագրեսիվ գործողությունները։
«Ալիեւը նորից մեն մենակ մնաց իր այդ հայտարարության հետ։ Որեւէ երկրի ղեկավար կամ թեկուզ խորհրդարանում չհանդգնեցին պաշտպանել այդ հայտարարությունը, որովհետեւ դա այն աստիճան խելահեղ հայտարարություն էր, որ ժամանակակից աշխարհի լիդերները, որպես կանոն, նման հայտարարություններ չեն անում։ Կրկնեմ՝ դա չի կարող որևէ հետևանք թողնել, նույնիսկ՝ քաղաքական։ Դա չի կարող ապագայում հող նախապատրաստել Հայաստանի վրա հարձակման համար։ ՄԱԿ-ի կանոնադրությունը նշում է, որ պետությունները պետք է իրենց խնդդիրները միմյանց հետ կարգավորեն խաղաղ ճանապարհով։ Այսինքն դա պատերազմը արգելող դրույթ է, այնպես որ Ալիւեին չի հաջողվի իրավական որեւէ հիմք գտնել՝ արդարացնելու համար ռազմական հարձակումները Հայաստանի վրա։ Դա ավելի շատ Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում կիրառելու հռետորաբանություն է»,- ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Զաբելա Ավագյան