Միքայել Աջապահյանը, ռուսական 102-րդ ռազմաբազան, «լենինականցիք»․ ինչ է առաջարկում «Դեմոկրատական Այլընտրանք»-ն իր նախընտրական ծրագրով | Region

Միքայել Աջապահյանը, ռուսական 102-րդ ռազմաբազան, «լենինականցիք»․ ինչ է առաջարկում «Դեմոկրատական Այլընտրանք»-ն իր նախընտրական ծրագրով

Մարտ 26,2025 21:15

Գյումրին պետք է դառնա Հայաստանի «երիտասարդական սիրտը, տուրիստական սիրտը, ինովացիաների և նոր տեխնոլոգիաների սիրտը, մշակութային նորարարությունների սիրտը»։  Սա Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարող «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցության պատկերացրած «Ճիշտ քաղաք»-ն է։

Նախընտրական ծրագրով այս կուսակցությունը նախատեսում է Գյումրին դարձնել Հայաստանի երիտասարդ մայրաքաղաք, պահպանելով ժամանակակից ավանդույթները՝ այն վերածելով ժամանակակից քաղաքի։

Նշենք, որ այլ թեկնածուների նախընտրական  ծրագրերին արդեն անդրադարձել ենք։ Ընտրություններին մասնակցող բոլոր 9 ուժերը ծրագրերում գրեթե նույն բանն են  խոստանում՝ չնչին բացառությամբ։

Կուսակցության նախընտրական ծրագրում խոստումները շատ են, դրանցից մի քանիսը ինչպես մյուս թեկնածուների դեպքում, նույնն են․ թիրախավորվել են քաղաքի առաջնահերթ խնդիրները, սակայն կան նաև կետեր, որոնք տարբերվում են մյուսների ծրագրերից։

Ղարաղազարյանն ու իր թիմը խոստանում են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի Գյումրին չի հիշվի միայն երկրաշարժով, այն կսիրվի նաև երկրաշարժից հետո՝ արդար  ու ժամանակակից քաղաք դառնալու իր կամքով։

Այն Գյումրին, որը ըստ իրենց նախընտրական ծրագրի ներկայացնում են, լինելու է ապրելու և աշխատելու համար հաճելի, հարմարավետ՝ զբոսաշրջիկների համար։

Քաղաքի հարմարավետությունն ու իմիջը բարելավելու համար, կուսկացությունը ծրագրով առաջարկում է բարելավվեն ճանապարհներն ու ենթակառուցվածքները, ներառյալ՝ տաքսիների սպասարման մշակույթը, ապահովվել քաղաքի մաքրությունը՝ սկսած տարրական աղբահավաքությունից։

Կուսակցությունը նախատեսում է  Գյումրին դարձնել Հայաստանի մշակութային կյանքի թիվ մեկ հարթակը՝ նոր ներկայացումներով, նոր բոմադրություններով, նոր երաժշտական նախագծերով, իր մշտական  փառատոններով՝ հայաստանյան և միջազգային։

«Դեմոկրատական Այլընտրանք»-ը նախընտրական ծրագրով գործարկել, իրենց բնութագրմամբ՝ խոշոր ծրագիր՝ «Ճիշտ քաղաք»․սա համայնքային իշխանությունների և բիզնեսի, քաղաքի խոշոր սեփականատերերի հետ համատեղ ծրագիր կլինի։

Ծրագրի հեղինակներն ասում են՝ պետք է ստեղծել Գյումրիի զարգացման հիմնադրամ, որը կղեկավարի հանրային մեծ հեղինակություն ունեցող որևէ անհհատ, օրինակ՝ Միքայել Աջապահյանը, խորհրդի կազմում կլինեն հարգված մտավորականներ, քաղաքի հայտնի և հարգված մարդիկ։

«Գյումրին տարածաշրջանի  տուրիստական ադամանդն է։ Սկսել տեղեկատվական արշավ՝ տուրիստական մեծ նոր հոսքեր քաղաքա ներգրավելու  ուղղությամբ։  Այս համատեքստում խնդիր դնել Գյումրիի օդանավակայանի ծավալների մեծացման, նոր հետաքրքիր թռիչքներ բացելու համար»,-գրված է ծրագրում։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության պատկերացրած Գյումրին պետք է պատրաստ լինի նաև տարածաշրջանում սպասվող հնարավոր փոփոխություններին, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։ Ծրագրում նշվում է՝ հին ու նոր ենթակառուցվածքների  վերագործարկումը միաժամանակ և նոր հնարավորություններ են, և նոր ռիսկեր, ինչը պարտադրում է նախապես պատրաստվել հայ-թուրքական սահմանի բացմանը։

Կուսակցությունը ուշադրություն է հրավիրում Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազային։ Ուշագրավ է, որ կուսակցությունը ռուսական բազայի հետ համագործակցության բարելավում է առաջարկում, մինչդեռ գյումրեցիների մոտ ռուսական ռազմաբազայից վատ հիշողություններ են կուտակված»

«Նոր պայմաններում  շատ կարևոր է որակապես բարելավել ռուսական 102-րդ ռազմաբազայի և քաղաքի համագործակցության մակարդակը,։ Համագործակցությունը, փոխադարձ հարգանքը և համատեղ ծրագրերը ռուսական կողմի հետ կարող են ստեղծել մեծ հնարավորություններ Գյումրու կառուցապատման, բարեկարգմանև զանազան գիտակրթական ու մշակութային ծրագրերի իրականացման համար»,-գրված է ծրագրում։

Կուսակցության ծրագրով նախատեսվում է ստեղծել «աշխարհով մեկ սփռված գյումրեցիների, նրանց զավակների, ժառանգների ցանց,  ովքեր ծագումով Գյումրեցի են (Լենինականից)»,-նշված է ծրագրում։

Այս ուժը նախատեսում է հասնել նրան, որ քաղաքում բացվեն այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսարաններ, ինչը, նրանց կարծիքով՝ «շատ կարևոր քայլ կհանդիսանա քաղաքի տուրիստական և մշակութային մայրաքաղաքի կարգավիճակի կայացման համար»։
Խոստումներից մեկն էլ Գյումրու արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգեր կազմելն է․««Արտադրված է Գյումրիում» բրենդը պետք է դառնա որակի անառարկելի նշան (տեքստիլի արդյունաբերություն, բամբակի վերամշակման գործարան և այլն)»:

Կուսակցությունը խոստանում է ինքնաշեն կառույցներին վերաբերվել գրագետ և հաշվարկված քայլերով։ Ինչպես նշված է ծրագրում՝ «չի կարելի ասել՝ քանդում ենք, ու տեղում սկսել քանդել։ Պետք է գտնել խնդրի լուծումներն ու մարդկանց փոխհատուցման տարբերակները»։

Սպորտի ոլորտում կուսակցությունը խոստանում է բարեփոխումներ իրականացնել՝ զարգացնել մարզադպրոցները, մարզական ակադեմիաները և սպորտի ժամանակակից մենեջմենթի բոլոր ուղղությունները։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին  «Դեմոկրատական Այլընտրանք»-ը մասնակցում է «Ճիշտ Քաղաք» կարգախոսով, կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Ղարաղազարյանն է, այս ուժը քվեաթերթիկ համար 7-ն է։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ