«Աչքն այնպես էին վնասել, որ երեք օր խավար է եղել, չէր տեսնում»․ 12-ամյա տղայի մայրն ահազանգում է՝ որդին դպրոցում 3 տարի է՝ բռնության է ենթարկվում  | Region

«Աչքն այնպես էին վնասել, որ երեք օր խավար է եղել, չէր տեսնում»․ 12-ամյա տղայի մայրն ահազանգում է՝ որդին դպրոցում 3 տարի է՝ բռնության է ենթարկվում 

Հոկտեմբեր 19,2026 22:12

12-ամյա տղան, որը կարատե դո-ի Հայաստանի չեմպիոն է, արդեն երեք տարի է՝ դպրոցից տուն է վերադառնում ծանր ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներով։ Երևանի թիվ 98 դպրոցում (Նորագավիթ) տեղի ունեցող իրադարձությունները ծնողը նկարագրում է որպես իսկական «դպրոցական թրիլլեր», որտեղ պատասխանատու մարմինների անտարբերությունն ու դպրոցի տնօրինության լռությունն ավելի են խորացնում ճգնաժամը։

Օրերս երեխայի ծնողի ու փաստաբան Ինեսսա Հակոբյանի՝ երեխայի նկատմամբ դպրոցում պարբերաբար բռնության մասին սոցիալական ցանցում ահազանգից հետո միայն դպրոցից են զանգել, հրավիրել են ծնողական ժողովի, փորձել են համաձայնության գալ։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց երեխայի մայրը՝ Ալլա Մակարյանը։ Նա մեզ փոխանցեց, որ ժողովին կմասնակցի, ուզում է, որ խնդիրը լուծվի, բայց բողոքը հետ չի վերցնի, ասում է՝ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

RegionsTV-ի հետ զրույցում մայրը մանրամասն պատմում է, թե ինչ է տեղի ունեցել։

Ալլա Մակարյանի պատմելով՝ բռնությունն ու ճնշումները սկսվել են դեռևս 2023 թվականին։ Կոնֆլիկտի սկիզբ է դարձել գերմաներենի դասաժամին տեղի ունեցած միջադեպը․ դպրոցի տնօրենը, որը համատեղությամբ նաև գերմաներեն է դասավանդում, չանցկացրած դասերի պայմաններում հանձնարարել է ստուգողական աշխատանք գրել։ Աշակերտի դիտարկմանը, թե նյութը չեն անցել, տնօրենը կոպիտ արձագանքել է՝ սպառնալով ծնող կանչել։

Չնայած մայրը ներկայացել է դպրոց և առաջարկել բաց թողնված դասերը լրացնել, տնօրինության կողմից դրական արձագանք չի եղել։ Դրանից հետո երեխայի նկատմամբ ճնշումներն ավելի են ինտենսիվացել, գնահատականները՝ անհիմն իջեցվել, իսկ համադասարանցիներից 3-4 տղա սկսել են պարբերաբար թիրախավորել նրան։

«Տղայիս դասընկերներից մեկը սպառնացել էր՝ ասելով, որ եթե չհետևի իր ցուցումներին, ապա դրա մասին կպատմի տնօրենի որդուն, որը մարդասպան է և կգա ու կսպանի նաև իր ընտանիքին»,-պատմում է Ալլա Մակարյանը։

Ծնողները սպառնալիքների մասին իմացել են միայն 2024 թվականի ապրիլին, երբ 4-րդ դասարանցի որդին զանգահարել է նրանց, ու հեկեկալով ասել՝ «ես չեմ սիրում ձեզ, չեմ ուզում, որ դուք իմ ծնողները լինեք, ինձնից հեռու մնացեք»։

Մոտ 3 ժամ տևած որոնումներից հետո նրան գտել են դպրոցին կից խաղահրապարակում․ երեխան վախեցել էր տուն վերադառնալ, քանի որ չէր կատարել համադասարանցու հերթական պահանջը։

Բռնությունները չեն սահմանափակվել միայն հոգեբանական ճնշումներով, մայրը ձեռքի տակ բոլոր ապացույց-փաստաթղթերն ունի՝ 2024 թվականի մարտին՝ քթի սալջարդ և ուղեղի ցնցում, նույն թվականի ապրիլին՝ գլխուղեղի կրկնակի ցնցում, սեպտեմբերին՝ ուսահոդի սալջարդ, քթի վնասվածքներ և ցուցափայտի հարվածների հետքեր մեջքին։

«Հենց այդ 3-4 համադասարանցներն են, որ 2026 թվականի մարտին այն աստիճան էին երեխային ֆիզիկական բռնության ենթարկել, որ երեխաս ուղեղի ցնցում էր ստացել։ Մենք բազմիցս կոմպրոմիսի ենք գնացել, կամ լռել ենք, կամ փորձել ենք երեխաների ծնողների հետ զրուցելով հարցը լուծել։ Ամենաշատը մի ամիս է տևել, դրանից հետո նորից սկսվել է։ Իմ տղան պրոֆեսիոնալ մարզիկ է, իրավունք չունի դրսում այսպես ասած՝ «քուչի» կռիվների մեջ մտնի, հակահարված տա։ Այնքան ծանր հոգեբանական վիճակում էր, որ ուզում էր կարատեից դուրս գար, որպեսզի կարողանար իր ամբողջ ուժով պատասխաներ բռնարարներին»,-ասում է մայրը։

2024 թվականի մարտին տեղի ունեցած ծանր դեպքը, երբ հերթական ծեծից հետո որդին ուղեղի ցնցում է ստացել, ֆիզկուլտուրայի ուսուցիչը, երեխային բուժկետ հասցնելով, անհետացել է։

«Երեխաս հեռախոսով ասում է՝ «ուշքս գնացել է, ընկել եմ, հիմա արդեն ուշքի եմ եկել, բուժկետում եմ, բայց չեմ տեսնում, լավ չեմ, արի տար»։ Գնում եմ երեխային դպրոցից վերցնելու, տեսնում եմ՝ մեն-մենակ նստարանին նստած է, գոռում եմ մեքենայի մեջից՝ «բալես, արի», չի կարողանում, չի տեսնում։ Մի աչքը վերակնգնվել է վեց ժամ անց, մյուս աչքը, փաստաթղթերով ունեմ, երեք օր կոնկրետ խավար է եղել»,-պատմում է մայրն ու հավելում՝ իրավապահներին չի դիմել դասղեկի խնդրանքով, տնօրենն էլ ամուսնուն է հրավիրել զրույցի, բայց բռնություն գործադրելու համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։

Նրա վստահեցմամբ՝ դպրոցի անձնակազմը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև փորձում է կոծկել այն։ Երբ ծնողը ներկայացրել է բժշկական տեղեկանքները, տնօրենը պատասխանել է՝ «դե երեխա է, էլի»։ Ոստիկանությանը դիմելու սպառնալիքին ի պատասխան՝ հայտարարել է. «Իմ դպրոց ոստիկան չի մտնելու»։ Տնօրենը լուծում է առաջարկել՝ երեխային այլ դպրոց տեղափոխել։

Մայրը պապտմում է, որ «դպրոցում այն աստիճանի քաոս է տիրում, որ մի անգամ այդ անկարգ երեխաներից մեկը, որը անընդհատ կռիվների մեջ է, հարց լուծողն է, գողականն է, գրավոր գրում է՝ «սիրելի Ձմեռ պապ, ուզում եմ, որ այս տարի այս անուն ազգանունով երեխան մահանա»։ Այս մասին բարձրաձայնում ես, ասում են՝ «ապացույց ունե՞ս, եթե չունես, ուրեմն խաբում ես»։ Վերջ, ոչ մի լուծում չկա, ոչ հոգեբանն է աշխատում, ոչ դասղեկը, ոչ մեկ»։

Ծնողը դիմել է Վարչապետի աշխատակազմ, Կրթության, գիտության, մշակույթի և նախարարություն (ԿԳՄՍՆ), Մարդու իրավունքների պաշտպանին և Գլխավոր դատախազություն։

Երևանի քաղաքապետարանից դեպքն ուսումնասիրելուց հետո հայտնել են, թե դրանք «երեխաների միջև կոնֆլիկտներ են՝ պայմանավորված սովորողների տարիքային առանձնահատկություններով», իսկ պարբերական բռնություն չի եղել։

Դպրոցի տնօրենը քանի օր է՝ չի պատասխանում մեր զանգերին, նա հրաժարվում է լրատվամիջոցների հարցերին պատասխանել։

Արդյոք բռնությունը տարածված է դպրոցներում, ինչպես կանխել նման դեպքերը։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Տաթևիկ Մեխակյանը ընդգծում է, որ դպրոցներում բռնությունն ու հալածանքն (բուլինգ) անընդունելի են, քանի որ դպրոցն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է երեխայի ինքնությունը։

«Ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին խոսելն անգամ չի կարելի, սա երբեք չի կարող ընդունելի լինել։ Այսօր շատ հոգեբանական խնդիրներ սկսվում են հենց մանկության տարիներից, և շատ հաճախ այնտեղ տեսնում ենք ուսուցչի դերը։ Հիմա բացարձակ վերահսկողություն չկա»,-մեզ հետ զրույցում նշում է փորձագետը։

Ինչպես լուծել նման խնդիրները։ Հոգեբանն ասում է՝ նախարարության կամ քաղաքապետարանի մակարդակով պետք է ձևավորվեն հոգեբաններից, հատուկ մանկավարժներից և սոցիալական աշխատողներից կազմված անկախ խմբեր, որոնք տևական ժամանակով կգործուղվեն ռիսկային դպրոցներ։ Մասնագետները պետք է ուսումնասիրեն դասամիջոցների միջավայրը, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները և անցկացնեն հոգեբանական թեստեր ու խաղեր, որոնց միջոցով հնարավոր չի լինի կեղծել պատկերը։

«Եթե հարցին պետական ընթացք չտրվի, վաղը N98 դպրոցի փոխարեն բախվելու ենք 5-րդ կամ 17-րդ դպրոցի խնդիրներին, որովհետև մեկ դեպքի բարձրաձայնումն անխուսափելիորեն ջրերես է հանում մյուսները»,-զգուշացնում էՄեխակյանը։

Չնայած ստեղծված ծանր իրավիճակին, 12-ամյա չեմպիոնի մայրը չի պատրաստվում որդուն այլ դպրոց տեղափոխել, նա վճռական է, ասում է․ Ֆիզղեկ, տնօրեն, դասղեկ, բուժաշխատող, բոլորը պիտի պատասխան տան օրենքով։ Իմ երեխան պիտի գնա դպրոց ու անվտանգ միջավայրում սովորի, առանց վնասվածքների տուն գա»։

Տիրուն Մարգարյան

 

 

Նորություններ