«Եթե բանը հասնի ռազմական էսկալացիային, ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը զսպող գործոն չի լինի Ադրբեջանի համար»․Գրիգորյան | Region

«Եթե բանը հասնի ռազմական էսկալացիային, ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը զսպող գործոն չի լինի Ադրբեջանի համար»․Գրիգորյան

Հունվար 15,2025 21:05

Լուսանկարը՝ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վերլուծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթն, ասում է՝ այն դիվանագիտական հաջողություն է, սակայն ադ փաստաթղթի վերաբերյալ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ, այն անվտանագային երաշխքիներ տրամադրող փաստաթուղթ չէ, ռազմական փոխօգնության վերաբերյալ փաստաթուղթ չէ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը գտնում է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության  փաստաթուղթը, որը երեկ է ստորագրվել, կարել է հայկական դիվանագիտության ձեքբերում համարել, և այն բավականին լավն է։

REGIONSTV-ի հետ զրույցում Գրիգորյանը նկատում է՝ նախ պետք է հասկանալ, թե ինչի մասին է այս փաստաթուղթը՝ այն անվտանագային երաշխքիներ տրամադրող փաստաթուղթ չէ, ռազմական փոխօգնության վերաբերյալ փաստաթուղթ չէ․«Սա ռազմավարական  համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին տարբեր ուղղություններով երկարաժամկետ կտրվածքով զարգացնել, խորացնել հարաբերություններն ԱՄՆ հետ»։

Քաղաքագետի կարծիքով՝ պետք չէ չափից շատ ակնկալիքներ ունենալ այս փաստաթղթից, իհարկե, պատշաճ աշխատանքի պարագայում փաստաթղթում  նշված մի շարք ոլորտներում կարելի է տեսանելի արդյունքների հասնել երկարաժամկետ կտրվածքով․«Խոսքը էներգետիկ, տնտեսական համագործակցության ոլորտում, նաև՝ անվտանգության ոլորտում»։

Գրիգորյանը նկատում է՝ ԱՄՆ-ն այս տեսակ փաստաթուղթ ստորագրել է աշխարհի բազմաթիվ երկրների հետ, և սա որևէ արտառոց երևույթ չէ։ Ըստ էության, ինչպես ասում է քաղաքագետը, Վաշինգտոնն իր գործընկերների  հետ խորացնում կամ ֆորմալիզացնում  է արդեն իսկ առկա համագործակցությունն այս ձևաչափով։

Նա հիշեցնում է՝ Հայաստանի դեպքում գործընացը վաղուց էր սկսվել, սկզբնական փուլում  խոսքը ռազմավարական  երկխոսության մասին էր, անցած տարի ամռանը ստեղծվեց ռազմավարական գործընկերության հանձնաժողովը, փաստաթղթի ստորագրումը տրամանաբանական հաջորդ  քայլն էր։
«Գործընթացը սկսվեց, որովհետև Հայաստանը որոշում է կայացրել դիվերսիֆկացնել արտաքին քաղաքականությունը, երբ առկա անվտանգային մեխանիզմները  2022 թվականի սեպտեմբերյան էսկալացիայից հետո չաշխատեցին։ Անհրաժեշտություն առաջացավ այլընտարքներ փնտրելու։ Սա իհարկե, չի կարելի լիարժեք այլընտրանք կամ անվտանգային երաշխիք համարել, բայց այսպիսի փոքր կոմպոնենտներում կառավարությունը կարծես փորձում է ինչ-որ ձևով նույնսիկ արհեստական բալանս ստեղծել, որը կարող է ինչ-որ չափով կայունություն բերել տարածաշրջանում և հնարավորություններ ստեղծել ՀՀ- ի համար դիվեսիֆիկացնելու, ամրապնդելու արտաքին կապերը»։

Կարո՞ղ է արդյոք այս փաստաթղթի գոյությունը զսպել Ադրբեջանի ագրեսիան՝ հաշվի առնելով, որ Բաքուն վերջին շրջանում սպառնալից հայտարարություններով է հանդես գալիս, օրինակ՝ միջանցքի մասին ասել է՝ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի ու կբացվի»։  Մեր այս հարցին ի պատասխան Գրիգորյանն ասում է՝ նախ փաստաթղթի մեջ մյուս կարևոր  գործոնն այն է, որ հայական կողմի բոլոր դիրքորոշումներն ընդունվել և արձանագրվել է ամերիկան կողմից՝ նույն ապաշրջափակման գործընթացում ինքնիշխանության և իրավասության սկզբունքը, «Խաղաղության խաչմերուկը» և այլն․«Բայց իհարկե, եթե բանը հասնի ռազմական էսկալացիային, չեմ կարծում,  որ Բաքուն նայելու է այս փաստաթղթի առկայութանը կամ չառկայությանը։ Սա որևէ զսպող գործոն չի լինի Ադրբեջանի համար։ Եթե քաղաքական որոշում լինի նոր ռազմական ագրեսիա նախաձեռնել ՀՀ-ի դեմ, չեմ կարծում, որ նրանք հաշվի են առնելու այս համագործակցության առկայությանը»։

Ընդդիմությունը չի ողջունում այս փաստաթուղթը, նշում է, որ սա ավատյուրա է Հայաստանի դեմ, գրգռում ենք Մոսկվային, օրինակ են բերում Վրաստանն ու Ուկրաինան։ Մեր այս դիտարկմանն էլ Գրիգորյանը պատասխանում է՝ սա էլ մեկ այլ ծայրահեղություն է։  Ասենք արևմտամետ շրջանակները, ըստ Գրիգորյանի,  փաստաթղթի նպատակները խեղաթյուրում են, ռուսամետներն էլ ներկայացնում են, թե ինչ որ աղետ է տեղի ունեցել, թե հիմա կոշտ գործողություններ կլինեն ՌԴ-ից»։

Գրիգորյանի չի կարծում, թե այս փաստաթուղթը ինչ որ իրողություն կփոխի մեր տարածաշրջանում կամ  հայ-ռուսական հարաբերություններում։

«Հայ-ռուսական հարաբերությունները ռազմաքաղաքական մակարդակում արդեն իսկ վատ վիճակում են։ Եթե ՌԴ-ի ցանկություններին  նայենք, ապա Հայաստանն ընդհանրապես արտաքին քաղաքականություն չպիտի ունենա ու շարունաակի կախվածության մեջ մնալ մեկ պետությունից։ 2022-ից հետո, նույնիսկ դրանից առաջ փորձը ցույց տվեց, որ ռուսական անվտանգության ճարտարապետությունը, անվտանգության երաշխքիները չեն աշխատում մեր տարածաշրջանում։ Եթե ռուսական կողմը չի կարողանում աջակցել, անհասկանալի է, թե ինչ պահանջներ կարող են լինել նմանատիպ գործողություների պարագայում»,-ասում է քաղաքագետը։

Նա նաև նկատում է՝ Մոսկվայի համար այս փուլում շատ ավելի կարևոր է Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը ու աճող առևտրային կապերը․«Քանի դեռ այս ուղղությամբ խնդիր չկա, չեմ  կարծում, թե ՌԴ-ն լուրջ քայլերի կդիմի»։

Արդյոք այս փաստաթուղթը կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա, մեր այս հարցին ի պատասխան էլ Գրիգորյանն ասում է՝ իրանական կողմը սովորաբար նշում է, որ  Թեհրանը դեմ չէ ՀՀ-ի կողմից տարբեր գործընկերային հարաբերությունների հաստատմանը։ Իհարկե, Իրանի համար  հստակ կարմիր գծեր կան, այս փաստաթղթով, ըստ Գրիգորյանի, նման կարմիր գծերը դեռ չեն խախտվել․«Իրանի համար կարմիր գիծ է արևմտյան ռազմական ներկայությունը ՀՀ-ում։ իսկ այս փուլում այդ մասին խոսք չկա։ Քանի դեռ այդ կարմիր գծերը չեն հատվել, Թեհրանը շատ կոշտ չի արձագանքի»։

Ի՞նչ զարգացում կլինի այս փաստաթղթում նշված դրույթների իրագործման ուղղությամբ, եթե շուտով Թրամփն է նախագահելու, արդյոք որևէ բան կփոխվի, կվերանայվի այդ թվում՝ հայ-ամերիկյան հարաբերություններում։
Այս առնչությամբ էլ Գրիգորյանն ասում է՝գլխավոր վտանգն այն է, որ ոչ թե փաստաթուղթը կվերանայվի, այլ այն, որ փաստաթղթում նշված օրակարգը պարզապես կյանքի չի կոչվի, այսինքն, հանձնառություն չի լինի շարժվել այդ ուղղությամբ։

Իհարկե, քաղաքագետը նկատում է, որ դեռ վաղ է կանխատեսում անել, սակայն նախանշանները կան, օրինակ՝ Հարավային Կովկասը կարող է առաջնահերթություն չլինել Թրամփի վարչակազմի  համար։

«Մյուս կողմից՝ նույնիսկ եթե Թրամփի նախագահության շրջանում ակտիվորեն չիրագործվի այս օրակարգը, ինքնինին այս փաստաթղթի գոյությունը երկարաժամկետ կտրվածքով հնարավորություն է տալու ՀՀ-ին տարբեր  հնարավորություններ փնտրել ԱՄՆ-ի հետ համագործակցության ոլորտում»,-կարծում է Տիգրան Գրիգորյանը։

Նորություններ