Փաշինյանի շարասյունն ավելանում է, կառավարական դաչաների գումարն ավելանում է․ փաշինյանական 7 տարիները պատմության մեջ կմնան որպես աղետաբեր շրջան․ Աննա Գրիգորյան | Region

Փաշինյանի շարասյունն ավելանում է, կառավարական դաչաների գումարն ավելանում է․ փաշինյանական 7 տարիները պատմության մեջ կմնան որպես աղետաբեր շրջան․ Աննա Գրիգորյան

Ապրիլ 17,2025 14:42

Ազգային ժողովում Կառավարության  2024 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ այն  գնահատելով ոչ թե որպես հաշվետվություն, այլ փորձ՝ հիմնավորելու անցած յոթ տարիների կառավարումը։

Պատգամավորը նկատեց, որ վարչապետի խոսքում գրեթե չկային կոնկրետ ձեռքբերումներ, փոխարենը՝ գերակշռում էր անցյալին վերադարձող հռետորաբանությունը։

«Չնայած այն հանգամանքին, որ այս պահին քննարկվում է Կառավարության 2024 թվականի կատարողականը, ըստ էության Նիկոլ Փաշինյանի ելույթը անցած 7 աղետաբեր տարիների մասին էր, և ես վստահ եմ, որ էս տարիները պատմության մեջ հենց էսպես էլ արձանագրվելու են՝ փաշինյանական աղետաբեր 7 տարի», – հայտարարեց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ վարչապետը կրկին դիմել է 2018 թվականի ոճին՝ հույս ունենալով, որ այն դեռ կարող է ներգործել հանրության վրա․ «Չկար, իհարկե, այն նախկին էտուազմը, էն նախկին հավատը ինչ-որ փոփոխությունների, բայց դա էլ քողարկվեց ակրոբատիկ հնարքներով, պարերով և այլն, ինչը բացարձակապես համոզիչ չէր։ Ժողովրդին նման հռետորաբանությամբ այլևս խաբել հնարավոր չէ», – շարունակեց պատգամավորը։

Գրիգորյանը անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների՝ արադարանալու փորձերին, թե ինչու դատաիրավական համակարգում բարեփոփոխումներ չեն լինում․ «Եղան ՔՊ-ականներ, ովքեր եկան, փորձեցին արդարանալ՝ թե բա դեմոկրատական երկրներում դատաիրավաբանական փոփոխությունները տասը և ավել տարի են պահանջում։ Ասում են՝ դուք գոհ ու շնորհակալ եղեք, որ մենք 7 տարվա մեջ գոնե մի բան արել ենք»։

Անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին, Գրիգորյանն ասաց՝ Փաշինյանի ներկայացրած թվերը մանիպուլատիվ են և հակասում են իրականությանը։

«Եթե, օրինակ, բյուջեն էս 7 տարվա ընթացքում հավելյալ 4.2 միլիարդ դոլար է ստացել, հարց է առաջանում՝ բա ինչի՞ ենք վերցրել 7 միլիարդ դոլարի պետական պարտք։ Ի՞նչ եք արել էդ գումարով։ Ի՞նչ է ստեղծվել Հայաստանում կապիտալ առումով, որը մեր սերունդներին ինչ-որ բան էր տալու»,– հարցրեց նա։

Նա նշեց, որ այս գումարներով հնարավոր էր կառուցել խոշոր ռազմավարական ենթակառուցվածքներ՝ ներառյալ նոր ատոմակայան կամ Հայաստան–Իրան երկաթուղի։ Փոխարենը, ըստ Գրիգորյանի, չկա հստակ արդյունք, իսկ ասֆալտապատման աշխատանքները «անորակ» են։

Խոսելով արտաքին ներդրումների բացակայության մասին՝ պատգամավորը որպես օրինակ բերեց Ամուլսարի ծրագիրը․ «Եթե 2018-ին ներդրողը կարող էր ամբողջ գումարը ներդնել ու շահագործել հանքը, ապա հիմա այդ ներդրման 150 միլիոն դոլարը Հայաստանի բանկերն են տվել՝ կառավարության երաշխիքով։ Եթե հանքը չգործի, այդ պարտքը մնում է ոչ թե կառավարության, այլ ՀՀ քաղաքացու վրա»։

Անդրադառնալով սոցիալական քաղ0561քականությանը՝ նա մատնանշեց, որ թոշակների 22 տոկոսի բարձրացումը չեզոքացվել է 25 տոկոսի գնաճով։

«2018 թվականին թոշակառուն ավելի շատ բան էր կարողանում գնել, քան այսօր։ Այսինքն՝ թոշակի փաստացի գնողունակությունն անկում է ապրել», – ասաց Գրիգորյանը։

Կառավարական ծախսերի աճն ևս քննադատության առարկա դարձավ։ Նա նկատեց, որ 2024 թվականին կառավարական դաչաների պահպանման գումարը ավելացել է 60 միլիոն դրամով, իսկ ծառայողական մեքենաների համար հատկացվել է 2.4 միլիարդ դրամ․ «Խեղճ Պողոսը գլուխը բռնում, ասում է՝ վայ Նիկոլ, 2018-ին երկուսս էլ վարչապետ էինք, հիմա ինքը հազիվ ապրում է, գույքահարկ է մուծում, փող չի մնում ապրելու։ Բայց Փաշինյանի շարասյունը ավելանում է, կառավարական դաչաների գումարն ավելանում է։ Մարդիկ ճոխ ու շռայլ ապրում, վայելում են»,– նշեց պատգամավորն ու հավելեց․ «Հետո լսում ենք, որ ԱՆԻՖ-ից 4,5 միլիարդ տրվել է Ֆլայ-Առնան ստեղծելու համար, գումարը վատնվել է։ Ավինյանը 1.5 միլիարդ դրամ տալիս ա իր կնոջ ընկերուհուն, դասարանցուն էլ՝ կարծես 1 միլիարդ, էդ նույն մարդիկ հետո 2.5 միլիարդ էլ ուղարկում են Մոսկվայի գրասենյակ։ Հարցում ենք անում՝ ասում ենք՝ լավ, ի՞նչ արդյունք ա տվել, ի՞նչ եք ստանում դրանից, պատասխան չկա։ ԱՆԻՖ-ում մարդիկ տասնյակ հազարավոր դոլարներով աշխատավարձ են ստացել, ու ոչ ոք չգիտի՝ ովքեր են էդ մարդիկ»։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ