Չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որտեղ ՀՀ-ն կորակվի որպես ագրեսոր, իրավունքի տեսակետից բոլոր հիմնավորումները գտնվում են ՀՀ-ի և Արցախի ձեռքում․Սաքունց | Region

Չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որտեղ ՀՀ-ն կորակվի որպես ագրեսոր, իրավունքի տեսակետից բոլոր հիմնավորումները գտնվում են ՀՀ-ի և Արցախի ձեռքում․Սաքունց

Փետրվար 14,2025 16:24

Իրավապաշտպանի կարծիքով՝ հանուն  խաղաղության՝ պատերազմական հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողի դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելը չի հանգեցնի ո՛չ խաղաղության ձևավորմանը, ո՛չ էլ արդարության հաստատմանը 

Ո՛չ 44-օրյա պատերազմից, և ո՛չ էլ 2023 թվականի Արցախում էթնիկ զտումներից հետո հայաստանյան օրակարգում չի եղել կոնցեպտուալ այն մոտեցումը, որ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ոտնահարում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նրա համոզմամբ՝ առաջնահերթ քննարկման առարկա պետք է լինեին պատերազմական գործողություններով ուղեկցվող բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները կոնկրետ հասցեատերերով՝ Ադրբեջանի Հանրապետություն և վերջինիս ակնհայտ դաշնակից ՌԴ։

«Փոխանակ խոսեն Հելսինկյան սկզբունքների խախտման վերաբերյալ, որի անմիջական խախտումը Իլհամ Ալիևի ռեժիմն է, ՌԴ-ի աջակցությամբ, սկսում են ներսում մեղավորներ փնտրել, այն դեպքում, երբ պարզ է, որ ուժերը անհավասար են եղել։ Երբ դու բուն հիվանդությունը ճիշտ չես ախտորոշում, և խուսափում ես ամբողջական և օբյեկտիվ ախտորոշումից, դա վերջիվերջո հանգեցնում է ներքին պառակտման»,-ասաց իրավապաշտպանը։

Նա իշխանություններին հորդորեց նաև Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնել Միջազգային քրեական դատարան, և ոչ մի պարագայում հետ չկանչել միջազգային Իրավական հայցերը, վստահություն հայտնելով, որ հնարավոր չէ ագրեսիայի կանխում, և խաղաղ համակցություն մինչև ադրբեջանական իշխանությունները չեն պատժվի իրենց պատերազմական հանցագործությունների համար՝ հիշեցնելով, որ  երեկ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացրել, որով վերջինս  պահանջում է լիարժեք փոխհատուցում՝ շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։

«Հանուն  խաղաղության՝ պատերազմական հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողի դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելը չի հանգեցնի ո՛չ խաղաղության ձևավորմանը, ո՛չ էլ արդարության հաստատմանը։ Իրավունքի պաշտպանության դիրքերի ցանկացած զիջում հանգեցնելու է այդ իրավունքների շարունակական խախտումների։ Չի կարող լինել խաղաղության պայմանագիր ագրեսորի հետ»,- վստահեցրեց Արթուր Սաքունցը։

Այս պարագայում, ինչպես ասաց Սաքունցը, չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը կորակվի որպես ագրեսոր, իրավունքի տեսակետից բոլոր հիմնավորումները գտնվում են Հայաստանի։

Անդրադառնալով օրերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, իրավապաշտպանն ասաց, որ Հայաստանում իմնական ասելիքը պետք է լինի ոչ թե մեղադրելը մարդկանց՝ անկախ նրանից, թե Հյուսիսային պողոտայում բնակարաններ են գնել, շենքեր են կառուցել․․․ խնդիրն այն է, որ առնվազն 120 հազար բնակչությունը, որոնց մեջ չնչին տոկոս են կազմել նման սեփականություն ունեցողները, իսկ մնացյալի իրավունքի պաշտպանության մասին չկա խոսակցություն։

Ըստ Սաքունցի՝ խոսում են Ադրբեջանի ռեժիմի պատասխանատվության մասին, բայց չեն խոսում ՌԴ-ի պատասխանատվության մասին․«Դա  փաստաթղթով է ամրագրված եւ երկուստեք ուշադրություն չի դարձվում Կրեմլի տարբեր խոսնակների կողմից արված հայտարարություններին։  Ըստ էության, ՌԴ-ի աջակցությամբ Ադրբեջանը վերադարձրեց իրեն այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը»։ Նա նշեց, որ Հայաստանում չեն բարձրացվում հարցեր, որ միջազգային քրեական դատարանում պետք է Ադրբեջանի մասին հարցեր բարձրացնել։

Հիշեցնենք, որ օրերս  Ալեն Սիմոնյանը խորհրդարանում արցախցի լրագրողի հարցին ի պատասպան ասել է․«Դուք երբ որ դուրս եկաք ըտեղից, դուրս եկաք ըտեղից, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք։ Էն զենքերով ([պայքարել), որը որ Հայաստանի Հանրապետությունը իրա ամբողջ բանով թողել և տվել էր»։

Հաջորդ օրը Սիմոնյանը իր այս հայտարարությունը պարզաբանելով, նշել է․« Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին որևէ ընդհանրական բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր վերադառնում էին ոչ թե Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա, իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում իրենց կառուցած «ասաբնյակները», որոնք բիզնեսներ էին կառուցում ոչ Ղարաբաղում, որովհետև իրենք իրենց ապագան ու Լեռնային Ղարաբաղի ապագան չէին տեսնում։ Իսկ այն մարդիկ, ում մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են»։

Նիկոլ Մարգարյան

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Նորություններ